Մնացական Մարտիրոսյանը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ 6 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։
Սա սեւ հումոր չէ, այլ իրողություն, 2018-ի թավշյա հեղափոխության եւ արդեն չորս տարի շարունակ անցկացվող դատաիրավական բարեփոխումների, ավելի ճիշտ՝ 2018-ին հռչակված հեղափոխական արժեքների ու դատաիրավական բարեփոխումների վախճանի հակիրճ նկարագրությունը։
Մինչդեռ հիշո՞ւմ եք՝ ինչ խոստումներ էին տրվել՝ անցումային արդարադատություն, հետո՝ վեթինգ, հետո՝ դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ, հետո…
Այս շարքում ամենացցունը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր 2019–ի մայիսի 20–ի խորհրդակցությանը, երբ հայտարարեց՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»։ Ասելով, որ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված, vetting-ի»՝ նա հավելել էր.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:
Ավելի ուշ՝ 2020–ին, ԱԺ–ն ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որի 142–րդ հոդվածում մանրամասնած էր, թե որոնք են դատավորին պաշտոնանկ անելու համար հիմք հանդիսացող էական կարգապահական խախտումները։ Այդ շարքում թվարկված էր նաեւ արարքը, «որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների եւ (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման»։
Այս տարվա մայիսին էլ ԱԺ ներկայացվեց «Դատական օրենսգրքի» փոփոխությունների եւս մեկ նախագիծ, եւ ամրագրվեց մինչեւ 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումների հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հնարավորություն։
Ահա այս ամենից հետո հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը շարունակում է ոչ միայն պաշտոնավարել, այլեւ պաշտոնական առաջխաղացում ունենալ՝ ընտրվելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։
Մնացական Մարտիրոսյանի գործունեությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք։ Նա դատական համակարգի «կենդանի լեգենդներից» է, որը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քննել է գրեթե բոլոր աղմկահարույց քաղաքական գործերը, այդ թվում՝ մարտի 1-ի հայտնի «Յոթի գործը», Փաշինյանի գործը եւ այսպես շարունակ։ Նրա դատավճիռները հետագայում բեկանվել են ՄԻԵԴ-ում․ բեկանվել է հայտնի «Յոթի գործը», Նիկոլ Փաշինյանի գործը, եւ միայն նրա կայացրած դատավճիռների հետեւանքով ՀՀ պետբյուջեից տասնյակ հազարավոր դոլարներ են վճարվել։
Եվ ահա այդ մարդը, չնայած տարիներ շարունակ իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, շարունակում է պաշտոնավարել։
Ի դեպ, ընդամենը 20 օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց առանց քննության թողնել Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ հարցի քննության՝ օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:
Պատահակա՞ն է։ Հազիվ թե։ Նման դեպքերը պատահական չեն լինում։ Կարելի է ենթադրել՝ ԲԴԽ-ի՝ ժամկետներ բաց թողնելը Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարան գործուղելու համար էր։
Իսկ ինչո՞ւ այս ոլորտում իշխանությունը չգնաց Փաշինյանի խոստացած «վիրահատական միջամտությունների ճանապարհով»։ Պատճառը «բարեփոխումների» գործընթացը հնարավորինս անցնցում անելու ցանկությունը չէր, ցանկացած իշխանություն ուզում է ունենալ իր «Մացոն», ունենալ դատավոր, որն անխոնջ կկատարի քաղաքական հրահանգներն ու կարձակի անհրաժեշտ վճիռը։
Դե իսկ Մնացական Մարտիրոսյանն այս հարցում գերպրոֆեսիոնալ է․ ժամանակին նա դատում էր ընդդիմադիրներին՝ կատարելով այն ժամանակվա իշխանությունների հրահանգը, այսօր դատում է նախկին իշխանության ներկայացուցիչներին (օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին)՝ առանց աչք թարթելու կատարելով նորերի պատվերները։
Հիմա իշխանությունները (թեկուզ հեղափոխության արդյունքում եկած) ինչո՞ւ ավելորդ ջանքեր գործադրեն ու նոր «Մացո» բուծեն, եթե արդեն կա այս ամենի մեջ հմտացած մեկը, որ պատրաստ է ծառայելու օրվա իշխանությանը, եւ որի վրա ունեն կոմպրոմատների հատորներ։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: