ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) մեկնարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագիրը՝ Հայաստանի ջրային ռեսուրսների (խմելու եւ ոռոգման ջրի) արդյունավետ կառավարման, մոտեցումների բարելավման եւ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով։ Ծրագրի իրականացման համար նախատեսվել է 8,9 միլիոն դոլար։
Պանելային քննարկմանը ներկա էին ծրագիրն իրականացնողները, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵՆ) նախարարն ու ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը։
«Ալիք Մեդիա»-ն նախորդիվ հրապարակում էր ներկայացրել՝ անդրադառնալով քաղցրահամ ջրի պաշարների վատնման թերեւս ամենացայտուն օրինակներից մեկին․ Հայաստանում հազարավոր ցայտաղբյուրների մեծ մասն առանց փականների է, եւ ջուրն անդադար հոսում է։ Ի լրումն մեր տեղեկություն ստանալու նախորդ հարցման՝ ՏԿԵՆ ջրային կոմիտեից օրերս տեղեկացանք, որ Հայաստանում հաշվառվել է 6578 ցայտաղբյուր (դրանցից 3298-ը Երեւանում է), որոնցից միայն 200-ի վրա են տեղադրված զսպանակավոր փականներ, ընդ որում՝ որոշ փականներ քաղաքացիները կոտրել են։
Քննարկման ընթացքում «Ալիք Մեդիա»-ի թղթակիցը ներկայացրեց վերոնշյալ խնդիրը՝ փորձելով ճշտել՝ գործնական քայլեր արվո՞ւմ են այս հարցը լուծելու համար։ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նախ շնորհակալություն հայտնեց «Ալիք Մեդիա»-ին՝ ցայտաղբյուրների փականներին վերաբերող խնդիրը հետեւողականորեն վերհանելու եւ լուսաբանելու համար, ապա նշեց՝ համայնքներին արդեն առաջարկվել է ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրել համայնքների ֆինանսական միջոցների հաշվին, դա բավական ժամանակատար աշխատանք է։
«Այստեղ երկու կարեւոր խնդիր կա․ նախ պետք է հստակեցնել՝ ո՛ր կառույցներն են պատասխանատուները։ Բացի այդ՝ սոցիալական ընկալման խնդիր կա․ միշտ չէ, որ հասարակությունը ողջունում է ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու միտքը։ Բայց որպես նորարարական մոտեցում արդեն իսկ կիրառել ենք այդ փորձը, որոշ ցայտաղբյուրների վրա տեղադրել ենք փականներ։ Նախատեսում ենք այդ հարցը առաջիկա 3-4 տարում լուծել»,- վստահեցրեց Մարտիրոս Նալբանդյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։