Գյումրիում զբոսաշրջային նոր հասցեների շարքը համալրել է Հայաստանում առաջին Իլյուզիաների թանգարանը: Խաբկանքը կրթության եւ զվարճանքի վերածելու գաղափարը մասնագիտությամբ տնտեսագետ Գրիշա Ամիրխանյանինն ու ինժեներ Մեսրոպ Հակոբյանինն է: Իլյուզիաների անկյուն հիմնելու միտքը հղացել են աշխարհի տարբեր երկրների նման թանգարաններ այցելելուց հետո։
Ընկերները ծրագրի նախնական տեսքը թղթին են հանձնել, աջակիցների փնտրել: Ճիշտ այն ժամանակ, երբ Գյումրին արագ քայլերով վերընթաց էր գրանցում զբոսաշրջային ոլորտում, իլյուզիաների թանգարան ունենալու գաղափարին աջակցության ձեռք է մեկնում Եվրոպական միությունը՝ «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում: «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GiZ)։
Որ թանգարանը Գյումրիում, ոչ թե մայրաքաղաքում է հիմնվել, պատճառներից մեկն էլ ԵՄ-ի ծրագրի՝ ներդրումները հյուսիսային մարզերում կատարելու պահանջն էր:
Արդեն 5 ամիս է, ինչ ֆիզիկայի, մաթեմատիկայի, երկրաչափության, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշներով թանգարանը բաց է այցելուների առաջ:
Տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասում է՝ որոշ ցուցանմուշներ Գյումրի են հասել արտասահմանից՝ Ամերիկայից, Ճապոնիայից, մի քանիսն էլ Հայաստանում են նախագծվել ու կյանքի կոչվել:
Իրականության եւ խաբկանքի բաժանարար դռնից ներս մտնելով՝ հայտնվում ես աչքի համար անսովոր տարածության մեջ. տարանջատված մարմին, բարձր հասակ, կայծակների տիրակալ… Այն, ինչ գիտակցության համար անհնարին է, այստեղ իրական է:
Սամվելն ասում է՝ զվարճանքը թանգարանում առաջին հայացքից է միայն առաջնային: Դրանցում թաքնված են գիտական երեւույթներ ու բացատրություններ: «Մեր նպատակը մարդկանց զվարճացնելով կրթելն է: Հատկապես բարձր դասարանի աշակերտները մեզ մոտ ամրապնդում են ֆիզիկայի, երկրաչափության, մաթեմատիկայի գուցե լավ սերտած, բայց ոչ այնքան խորությամբ յուրացրած դասերը»: Մեկ անգամ եկողը վերադառնում է: Հպարտորեն են փաստում, որ զբոսաշրջային խմբերը հաճախ Գյումրին նախընտրում են Իլյուզիաների թանգարան գալու նպատակով:
Հիմնադիրները եղածով չեն սահմանափակվելու: Սիրված ցուցանմուշները շուտով կհամալրվեն նորերով:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։