Ուսուցիչներ Նելլի Ստեփանյանն ու Սիլվա Գրիգորյանը, որ առաջին անգամ ԿՏԱԿ-ի կողմից ընտրվել էին որպես հեռավար դասընթացավարներ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ ու Կալավան գյուղերի միջնակարգ դպրոցների համար, դեռ համավարակի ժամանակ որոշեցին հնարավոր բոլոր տարբերակներով բարելավել կրթական միջավայրը: Մշակեցին «Տաք դպրոց» փորձնական ծրագիրը, ներկայացրին «Օսըմ» հիմնադրամի բնապահպանական նախաձեռնությանը (Awesome Nature Armenia) եւ հաղթեցին:
Սկսեցին թղթի, փայտի եւ վառելանյութի մնացորդների վերաօգտագործմամբ այլընտրանքային վառելիք՝ բրիկետներ պատրաստել։ Բրիկետների արտադրությունն ուղղված էր ոչ միայն դպրոցները տաքացնելուն, այլեւ ցրտաշունչ եւ անտառամերձ այդ համայնքներում անտառահատումների քանակի նվազեցմանը։
«Առաջին անգամ երեխաները տեսնեիք՝ ինչքան ստվարաթուղթ էին բերել, ոգեւորված էին»,- հիշում է քիմիայի ուսուցչուհի Նելլի Ստեփանյանը:
Գումարը էներգաարդյունավետ վառարանների համար չհերիքեց: Բարի մարդիկ հուշեցին շվեյցարական մի բարեգործական կազմակերպության դիմել: Չմերժեցին: Ձեռք բերեցին վառարաններ, որոնցում բրիկետներն ավելի լավ էին այրվում, եւ ջերմատվությունը բարձր էր, մի քանի դասարաններում էլ ջերմամեկուսիչ դռներ տեղադրեցին:
Ե՛վ Կալավանի, ե՛ւ Անտառամեջի դպրոցներում այժմ էլ շարունակում են հումքը հավաքել ու ծրագրով ձեռք բերված սեղմիչ սարքով բրիկետներ պատրաստել:
«Իհարկե, թուղթը նախապես թթվեցնում են, հետո սարքով սեղմում, փռում արեւին՝ չորանալու: Ձմռանն էլ վառում են: Աշակերտները ծղոտն են հավաքում, մակուլատուրան, մնացած գործերը տնտեսվարն ու ուսուցիչներն են անում»,- ասում է տիկին Ստեփանյանը:
Նա հաջորդ նախաձեռնությունն իր գործընկեր Լիլիթ Հարությունյանի հետ սկսեց: Որոշեցին կանաչապատել Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցի կաթսայատան տանիքը: Մասնագիտական խորհրդատվություն ստացան Երեւանի «Օրհուս» կենտրոնից եւ գործի անցան:
«Կանաչ տանիք» ունենալն այնքան էլ դյուրին չէր, բայց սա էլ հաջողեցին, կրկին «Օսըմի» աջակցությամբ:
«Սկզբում մենք էլ չէինք պատկերացնում: Բայց ուսումնասիրեցինք, քննարկեցինք ու հասկացանք, որ հնարավոր է: Առաջին տարին տանիքի հարթեցման գործերն արեցինք ու 2021-ի գարնանը սերմեր ցանեցինք: Այդ տարի բույսերը լավ չէին աճել, հաջորդ տարի նորից սերմեր առանք ու հիմա ունենք կանաչ տանիք»,- ասաց տիկին Ստեփանյանը:
Կանաչ տանիքի ստեղծումն ու պահպանումը կարեւոր էկոկրթական բաղադրիչ էլ ունեն: Աշակերտները, հատկապես բարձր դասարանների տղաները ակտիվորեն մասնակցել են տանիքի հարթեցմանը, մեմբրանային թաղանթների տեղադրմանն ու հողային աշխատանքներին: Աշակերտները մասնակցում են կանաչապատման ու խնամքի աշխատանքներին: «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը հատուկ՝ արմատային մակերեսային համակարգ ունեցող ծաղիկների սերմեր է տրամադրել, գարնանը կցանեն ու ավելի կգեղեցկացնեն «Կանաչ տանիքը»:
Վանաձորի «Կանաչ տանիքը» հետաքրքրել է նաեւ Արարատի մարզի Ջրահովիտի միջնակարգ դպրոցին, որտեղ աշխատում է Նելլի Ստեփանյանի հեռավար դասընթացավար կոլեգան՝ ֆիզիկայի ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը:
Տեսնելով «Համաշխարհային անկախ երիտասարդական միություն» ՀԿ-ի «Կանաչ քաղաքներ» նախագծի հայտարարությունը՝ որոշեցին դիմել: Ներկայացված յոթ նախագծերից հաղթեցին երկուսը, այդ թվում իրենցը՝ Վանաձորի թիվ 21 դպրոցի կանաչ տանիքի փորձը Ջրահովիտի միջնակարգ դպրոցում ներդնելու նախաձեռնությունը: Գումարը մեծ չէ, ընդամենը 300 եվրո, բայց սեղմ հնարավորություններով մեծ գործեր անելու փորձ արդեն ունեն:
«Առանց հույսի էինք եկել, ստացվեց»,- ժպտալով ասում է ֆիզիկայի ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը:
«Կանաչ քաղաքներ» նախաձեռնության հայաստանյան համակարգող խումբն ու արտերկրից ժամանած հյուրերը նոյեմբերի 22-ին Ջրահովիտ են այցելել՝ ծանոթանալու դպրոցին:
Նրանք Հայաստան են եկել քննարկելու բնապահպան ակտիվիստների նախաձեռնություններն ու ընտրելու մի քանի նախագծեր, որոնք փոքր դրամաշնորհ կստանան «Կանաչ քաղաքներ» ծրագրից։
«Ակտիվիստները բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են առաջարկել՝ կանաչ տարածքների ընդլայնում, էկոտուրիզմի, էկոմշակույթի եւ էկոլոգիապես մաքուր բիզնեսի խթանում, «կանաչ տանիքներ» գյուղում, թափոնների տեսակավորում՝ կրթական բաղադրիչով, գյուղերում թափոնների վերամշակման մշակույթի ներդրում»,- ասում է ծրագրի համահեղինակ Մարինա Ցայը:
Վերլուծելով մասնակիցների ներկայացրած նախաձեռնությունները՝ հետեւություն են արել, որ բնապահպան ակտիվիստներին հատկապես մտահոգում են թափոնների տեսակավորումն ու վերամշակումը: Հատկապես ոչ օրգանական թափոններն իսկապես խնդիր են Հայաստանում: Էական վնաս են հասցնում Հայաստանի բնությանը, հատկապես գետային էկոհամակարգերին:
«Քանի որ երկրում էկոմշակույթը գործնականում զարգացած չէ, եւ թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ չկան, շրջակա միջավայրի աղտոտումը պարզապես աղետալի է դարձել»,- ասում է ծրագրի հայաստանյան համակարգող Նարեկ Ադամյանը։
Հավանության արժանացած երկրորդ նախագիծը կիրականացվի Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ցամաքասար գյուղում: Այստեղ աղբահանություն չի իրականացվում:
«Սննդի մնացորդները գյուղացիները որպես անասնակեր են օգտագործում, մնացածն այրում են»,- ասում է նախագծի հեղինակ Գայանե Գրիգորյանը:
Գայանեն մասնագիտությամբ մշակութաբան է: Սիրում է քայլարշավներ կազմակերպել, նոր վայրեր բացահայտել եւ ամեն անգամ ականատես է լինում տխուր տեսարանների: Մտահոգ է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ: Ցանկանում է իրենց գյուղից սկսել:
Նախագծի շրջանակում երեխաների հետ չորացրած մրգերից ու ընկույզի կեղեւից ականջօղեր են պատրաստելու: Օգտագործելու են նաեւ թափոններ, օրինակ՝ գարեջրի կափարիչներ, մետաղաջարդոն, այլ հնարավոր նյութեր: Իսկ պլաստիկ թափոնների համար կփորձեն ուրիշ բան մտածել:
Գայանեն «Կանաչ քաղաքներ» ծրագրի մասնակից է: Փարձի փոխանակման բաղադրիչի շրջանակում եղել է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ եւ Պերմ քաղաքներում, ծանոթացել խնդիրներին ու լուծումներին: Կարծում է, որ դրանք կարելի է տեղայնացնել:
«Կառավարման մարմիններին ուղղված դիմումները, բողոքներն ու հանրահավաքները միշտ չէ, որ օգնում են լուծելու բնապահպանական խնդիրները։ Մարդկանց մաքուր շրջակա միջավայրի համար պայքարում ներգրավելու համար մարդկային հույզեր ու հետաքրքիր պատմություններ են պետք, անձնական օրինակներ»,- ասում է ծրագրի մենթոր Վահագն Վարդումյանը:
Նրա կարծիքով մեզանում բրենդներն առավել ճանաչելի են, քան բույսերը: Համոզված է, որ բնապահպանական խնդիրները կարելի է առավել տեսանելի դարձնել գեղարվեստական արտահայտչաձեւերով:
«Արվեստն ավելի պատկերավոր կարող է մարդուն փոխանցել այն գիտակցումը, թե որքանով է նա կապված բնության հետ։ Այդ առումով հատկապես հաջողակ է «Լենդ արտը» (Land Art), երբ նկարչի ստեղծած գործը միաձուլված է բնական լանդշաֆտին,- պարզաբանեց Վահագնը։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։