Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկներից չորսը մտել են քառորդ եզրափակիչ եւ պայքարում են մեդալների համար:
Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից այդ արգելքն առաջինը հաղթահարել է 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը: Եվրոպայի գործող չեմպիոնը ժամանակից շուտ հաղթել է մեքսիկացի Ռաուլ Էռերիային:
Նա բոլոր ռաունդներում նկատելի առավելություն ուներ, իսկ երրորդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը: Էրիկ Իսրայելյանը առնվազն ապահովել է աշխարհի բրոնզե մեդալ:
Նոյեմբերի 23-ին ռինգ կմտնեն մեր 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը եւ 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը: