Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազությունը դեռ 2022-ի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր 2001-ի սեպտեմբերի 25-ին Երեւանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի եւ Գ.Հ.-ի՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով քրեական վարույթ նախաձեռնելու մասին:
Նշված վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2022-ի նոյեմբերի 17-ին դատաբժիշկներ Շ.Գ-ի եւ Գ.Հ.-ի նկատմամբ ընդունել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ: Դրանք ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրյալներին ներկայացնելու համար:
2022-ի նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչը որոշումներ է ընդունել պայմանագրային հիմունքներով աշխատող մեղադրյալներ Շ.Գ.-ի եւ Գ.Հ.-ի նկատմամբ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դա ենթադրում է, որ վերջիններիս լիազորությունները կամ աշխատանքային գործունեությունը ժամանակավորապես ընդհատվում են: