ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է:
«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի եւ մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերելու, սահմանների իրավական ձեւակերպման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Մինչդեռ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է»,- ասել է Զասը։
Նա նշել է,որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ այդ առիթով Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նստաշրջանների քննարկումները նվիրված էին Հայաստանի համար առաջացող սպառնալիքներին։