Ըստ «Oil Price»-ի՝ Եվրոպան նոյեմբերին ավելացրել է ՌԴ-ից դիզելային վառելիքի ներկրումը եւ փորձում է ռուսական դիզվառելիքի պաշարներ ամբարել մինչեւ փետրվարի 5-ը, երբ ուժի մեջ կմտնի ռուսական նավթամթերքների նկատմամբ ԵՄ էմբարգոն։ Միջազգային էներգետիկ գործակալությունը նշում է, որ վերոնշյալ էմբարգոյի ուժի մեջ մտնելուց մոտ երեք ամիս առաջ Ռուսաստանը շարունակում է մնալ Եվրոպայի համար դիզելային վառելիքի խոշոր մատակարար։
Reuters-ի տվյալներով՝ Ամստերդամ-Ռոտերդամ-Անտվերպեն հանգույց հասնող ոուսական դիզելային բեռներն ավելացել են 126 տոկոսով՝ նոյեմբերի 1-12-ը հասնելով օրական 215 հազար բարելի։
Մասնագետներին անհանգստացնում է, թե ինչ կկատարվի, երբ ուժի մեջ մտնի ինչպես ռուսական նավթամթերքների, այնպես էլ հում նավթի նկատմամբ սահմանված ԵՄ էմբարգոն։
Վառելիքային էմբարգոյի ուժի մեջ մտնելուց հետո (հում նավթի համար՝ դեկտեմբերի 5-ից, նավթամթերքների համար՝ 2023-ի փետրվարի 5-ից) ԵՄ-ն ստիպված է լինելու օրական կտրվածքով 1,1 միլիոն բարել հում նավթի եւ 1 միլիոն բարել նավթի, դիզելային վառելիքի եւ մազութի այլընտրանքային աղբյուրներ գտնել, այդ կերպ փոխարինելու համար Ռուսաստանից մատակարարված վառելիքի ծավալները։ Հակառակ պարագայում ԵՄ-ում կարող է էներգետիկ-վառելիքային ճգնաժամն ավելի սրվել։
Վառելիքի շուկայի մասնագետներն արձանագրում են, որ ԵՄ-ն առաջիկա ամիսներին ստիպված է լինելու ոչ ռուսական ծագման նավթի եւ նավթամթերքների հայթայթման համար դաժան մրցակցության մեջ մտնել մյուս տարածաշրջանների խոշոր սպառողների հետ իրեն անհրաժեշտ վառելիքի ծավալները Միացյալ Նահանգներից, Մերձավոր Արեւելքից եւ Հնդկաստանից «ձեռք գցելու» համար:
Պատրաստեց Արման Գրիգորյանը