ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան երախտագիտություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության եւ ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական ու ոստիկանական անձնակազմի ծառայության եւ անձնազոհության համար։
Լակրուան նշել է, որ հայ տղամարդիկ ու կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում եւ արհեստավարժության ու նվիրվածության բարձր մակարդակ ցուցաբերել: «Խորապես երախտապարտ ենք տեւական խաղաղության եւ անվտանգության գործում նրանց ներդրման համար»,- ասել է նա։
ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով: Հայկական անձնակազմը 32 խաղաղապահներ են, որոնցից երեքը կին ծառայողներ են: Նրանք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։
Առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում տեղակայվել է 2012-ի փետրվարին։ 2014-ի նոյեմբերից ի վեր Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ, երբ Լիբանան ժամանեց 33 զինվորականից բաղկացած առաջին զորախումբը։
Հայաստանը նախկինում տարիներ շարունակ սահմանափակ թվով խաղաղապահների է տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմում։
Հայաստանը նաեւ հավանություն է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Գործողություն հանուն խաղաղության պահպանման» (A4P) նախաձեռնությանը, որի նպատակն է առավել նպատակաուղղված ամրապնդել խաղաղապահությունը: