Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 23-ին Արդարություն եւ զարգացում կուսակցության ժողովին խոսել է Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձությունների մասին, հաղորդում է Sabah պարբերականը։
Նա հայտարարել է, որ Թուրքիան այժմ ունի կարողություն իր երկրի նկատմամբ հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ու նրանց աջակցողներին բացահայտելու․ «Իսթիքլալում տեղի ունեցած հարձակմանը կեղծ արցունքներով դատապարտողները ջրի երես դուրս եկան մեր ծավալած օպերացիային ցույց տված իրենց արձագանքներով»,- ասել է Էրդողանը։
«Ինչպես մյուս բոլոր պայմանավորվածությունները, Սիրիայի հարցում ևս սահմանային պայմանավորվածությունները չենք խախտել: Բայց եթե մեր դիմացինը չի կարողանում իր խոստումը պահել, ուրեմն իրավունք ունենք մեր գլխի ճարը տեսնելու»,- մեջբերում է պարբերականը։ Ըստ Sabah-ի՝ Էրդողանի այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերը սեղմ ժամկետներում Սիրիայի հյուսիսում ծավալած «Ճանկ-սուր» օպերացիայում կներգրավեն նաեւ ցամաքային ուժերին։