Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ Ուկրաինային որպես օգնություն մեծ ծավալով զենք-զինամթերքի տրամադրումը դատարկել է Արեւմուտքի երկրների եւ Միացյալ Նահանգների զինապահեստները։ Ընդ որում՝ դրանք «վերականգնելը» դյուրին չի լինելու։ Իսկ ռազմական մատակարարումների ներկա ծավալները պահպանելու համար հնարավոր է, որ Արեւմուտքը սկսի օգտագործել իր կրիտիկական պաշարները։
Ուկրաինական պատերազմը, ըստ ֆրանսիական պարբերականի, բարձր ինտենսիվության հակամարտություն է։ Մարտական գործողությունների պիկին ռուսական կողմն օրական արձակել է 60 հազար արկ, ուկրաինական կողմը՝ 20 հազար։ Այնուհետեւ այդ ցուցանիշը, ըստ Պենտագոնի, նվազել է մինչեւ օրական 20 հազար արկի։
Le Monde-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները փետրվարի 24-ից ի վեր տրամադրել է Ուկրաինային հատկացված զենք զինամթերքի 2/3-րդը՝ ավելի քան մեկ միլիոն արկ եւ մոտ 50 հազար հակատանկային հրթիռ, ավելի քան 8500 հակատանկային հրթիռային Javelin համակարգ եւ 1600 Stinger զենիթային հրթիռներ, ինչը կարող է կազմել ԱՄՆ ունեցած սպառազինությունների պաշարների 1/3-րդը։ Նման ծավալի ռազմական մատակարարումների պատճառով նույնիսկ ամերիկյան զինապահեստներն են դատարկվել։
Ռուսական կողմի զինապահեստները եւս դատարկվում են։ Ըստ Oryx-ի՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն արդեն կորցրել է մոտ 1500 տանկ, որը նրա զինանոցի մոտ կեսն է։ ՌԴ-ն այժմ արկեր, անօդաչու համակարգեր կամ հրթիռներ ձեռք բերելու համար ստիպված է դիմել Իրանին եւ Հյուսիսային Կորեային։
Պատրաստեց՝ Արման Գրիգորյանը