ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունը հրավիրել է ԼՂ հակամարտության համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: Ըստ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար։
ՌԴ նախագահը հավելել է, որ միայն հետեւողականորեն կատարելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ հումանիտար խնդիրների վերաբերյալ, կարող ենք հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման:
«Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով եւ կողմերին տանելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը: