«Լավ աշխատանքի համար թեթեւ արդյունաբերության նախարարությունը մեր ֆաբրիկային հանձնեց այս փոխանցիկ դրոշը»,- Հայկ Իսախանյանը դարակից հանում է «Пролетарии всех стран, соединяйтесь!» («Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք») հայտնի նշանաբանով դրոշը, որ տասնամյակներ աչքի լույսի պես պահում է իր աշխատասենյակում, մեծ հպարտությամբ ցույց տալիս հյուրերին։
Հայաստանում քիչ չեն գործարանները, որոնց հասցեն անգամ 1990-ականներից հետո չես գտնի, իսկ Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայում, որ հիմնվել է 1980 թվականին, ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես փակման օրը։ Միայն թե ժամանակն իր գործն արել է․ փոշու հաստ շերտից, պատերին առաջացած ճեղքերից բացի՝ կան կոտրված պատուհաններ, գողության փորձեր են եղել։ Գործարանի նախկին տնօրենը՝ Հայկ Իսախանյանը, անձամբ է հսկում, պահպանում կարի ֆաբրիկան։
Եղեգնաձորի տրիկոտաժի ձեռնոցների ֆաբրիկայի գլխամասը վերանվանվել է «Տարոն» ԲԲԸ, այստեղ աշխատել է 700 բանվոր, Եղեգնաձորի շրջանի երեք գյուղերում գործել է 3 մասնաճյուղ, յուրաքանչյուրն ունեցել է շուրջ հարյուր բանվոր։ «Մենք իրավահաջորդ ենք այս մասնաշենքում գործած Եղեգնաձորի գորգերի գործարանի,1982 թվականին ունեինք արդեն 1200 բանվոր, արագ աճեցինք, մեր արտադրանքն արտահանվում էր Խորհրդային Միության երկրներ։ Բանվորների 95 տոկոսը կանայք էին։ Ամսական մոտ 500000 դոլարին համարժեք ռուսական ռուբլու արտադրանք ենք առաքել Հայաստանից դուրս»,- պատմում է Իսախանյանը։
Ընկերությունը հիմնականում արտադրում էր մանկական հագուստ, նաեւ զինվորական գուլպաներ ու ձեռնոցներ։ Գործարանը փակվել է 2000-ականներին։ Այն՝ որպես Խորհրդային Միության պահպանված ձեռնարկություն, այսօր ընդգրկված է զբոսաշրջային երթուղիների ցանկում։ Տնօրենն ասում է՝ հիմնական հյուրերը եվրոպական երկրներից են՝ Հոլանդիայից, Գերմանիայից, Դանիայից։ Եվրոպացի զբոսաշրջիկին հետաքրքիր է՝ ինչպես են ապրել ու աշխատել խորհրդային փակ վարագույրից այն կողմ։
Աշխատակիցների սեղանների դարակները՝ 30 տարվա վաղեմության ամսագրերից առանձնացրած դերասանուհիների, մոդելների, երգիչների նկարներով, մեծ հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար։ Տնօրենի աշխատասենյակը խորհրդային շրջանի թանգարան է հիշեցնում, ժամանակն այստեղ կանգ է առել․ պահարաններում պահպանվել են բանվորների կոշիկներ, հակագազեր, տնտեսական օճառներ, սարքավորումներ, ցուցապաստառներ, համաշխարհային պրոլետարիատի Առաջնորդի նկարը։
Հայկ Իսախանյանը ցույց է տալիս կարի մեքենան, որը, ասում է, գերմանական է, 1930 թվականի արտադրության, Հայրենական պատերազմից հետո այն գործարկել են Մոսկվայում, Ուրալում, Երեւանում, վերջին հանգրվանը Եղեգնաձորն է եղել։
Պատերին փակցված են առաջադեմ աշխատավորների լուսանկարները. «Մեր նախկին աշխատողները օրենքի սահմաններում ունեն մասնաբաժին, այսինքն՝ այս ընկերության սեփականատերերը 309 հոգի են, 95 տոկոսը՝ կանայք, որոնք տարիներ շարունակ աշխատել են այս ձեռնարկությունում, պետությունը նրանց անհատույց որոշակի տոկոս է տվել»։
Սեղանին խնամքով դասավորված հագուստը մտովի տեղափոխում է 80-ականներ, երբ ամեն երկրորդ երեխան հագնում էր նույն ոճի հագուստ: «Բարձր որակի հագուստներ ենք արտադրել, մեկական նմուշ պահում եմ։ Գրառումներից, մատյաններից, արխիվներից չեմ ազատվում, մեկը կվառի ինձնից հետո»,- ասում է Իսախանյանը։
Հաստոցների մեծ մասը սարքին է, դրանք վերջին անգամ օգտագործել են 44-օրյա պատերազմի ընթացքում. զինվորական պարագաներ են կարել եւ ուղարկել դիրքեր։
«Այս մեքենաները դեռեւս կաշխատեն, բայց կարիք կլինի նոր սարքավորումների, լիզինգով կարող եմ 12 տարի մարման ժամկետով ցանկացած ժամանակակից հաստոց ձեռք բերել»,- 25 տարվա դադարից հետո Հայկ Իսախանյանը ծրագրեր է մշակում նոր հաստոցներ ձեռք բերելու, գորգերի արտադրությունը թարմացնելու, գյուղացուց ոչխարի բուրդ գնելու, նոր աշխատատեղեր բացելու եւ հայրենի Եղեգնաձորին օգտակար լինելու համար։
«Եվրոպացի զբոսաշրջիկները հարցնում են՝ ինչու չեմ աշխատում, պատասխանում եմ, որ մեր երկրում զարգանում է օլիգարխիկ կապիտալիզմը, այդ պայմաններում փոքր ու միջին բիզնեսը վերանում է, օրինակ՝ օլիգարխը բերում, շատ կարճ ժամկետում հիմնում է տրիկոտաժի հզոր արտադրություն, իսկ ես չեմ կարող, մենք պետք է պետության աջակցությունը ստանանք»:
Ըստ Իսախանյանի՝ գործարանը վերագործարկելու դեպքում սոցիալական մեծ խնդիր կլուծվի, կանանց համար աշխատատեղեր կբացվեն։ Բայց վարկային ռեսուրսներն ուղղել թե՛ շենքի վերականգնմանը, թե՛ հաստոցներ գնելուն նա չի կարող, թեկուզ միայն շենքի վերանորոգման հարցով ֆինանսավորման կարիք ունի։ Ըստ նրա հաշվարկների՝ ամենասուղ միջոցներով, սեփական աշխատուժով նորոգման աշխատանքները կկազմեն 35 մլն դրամ։
Բազմիցս դիմել է Կառավարություն, էկոնոմիկայի նախարարություն, թեթեւ արդյունաբերության վարչություն: «Կառավարության ամեն փոխվելուց ոգեւորված դիմում եմ, բայց ապարդյուն։ Վերեւներում ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում»,- ասում է Իսախանյանն ու վստահեցնում, որ գործարանը կարող է բանակին ապահովել նաեւ զինվորական համազգեստով։
Ընկերությունը սեփականաշնորհվել է 1998 թվականին, անմիջապես հետո սնանկացման վարույթով ՊԵԿ-ը երեք անգամ դիմել է դատարան. «2014 թվականին ՊԵԿ-ը ընդհանուր իրավասության դատարան սնանկացման է ներկայացրել մեր ձեռնարկությունը՝ պահանջելով 1992 թվականից մնացած 32 մլն դրամ պարտք»։
Դատավարության ընթացքում տնօրենին հաջողվել է ապացուցել, որ սնանկ է, իսկ ՊԵԿ-ը մինչեւ հիմա չի կարողացել ներկայացնել դատարան ապացուցող փաստաթղթեր՝ պատճառաբանելով, որ պարտքի մասին հիմք հանդիսացող փաստաթղթերը ոչնչացվել են։ «20 տարի տեւեց այդ դատական պրոցեսը, մինչեւ վճռաբեկ դատարանով մեր իրավունքները պաշտպանեցինք։ Այդ ժամանակվանից ընկերության ամբողջ ունեցվածքը, դրամարկղը կալանքի տակ են եղել,- պատմում է Իսախանյանը,- դատարանը որոշել է, որ գանձման որոշումն ամբողջությամբ անվավեր է, հույս չունեմ, որ այդ դատական վճիռը նորից հիմք կդառնա ՊԵԿ-ի համար»։ Հայկ Իսախանյանն անգամ հասել է Երեւան եւ Կառավարության, Ազգային ժողովի շենքերի առաջ ցույցեր արել, նախագահի աշխատակազմից խոստացել են օրենքի գերակայությամբ ինչ-որ բան անել։
«Պատկերացրե՛ք՝ 20 տարի թեկուզ 100 բանվորով աշխատեինք, մեր հայրենիքին ինչքան եկամուտ կտայինք, ինչքան ընտանիք կպահեինք, 100 ընտանիք Եղեգնաձորը չէր լքի, չէր գնա արտերկիր կամ Երեւան»,- կորցրած տարիների մասին ցավով է խոսում Իսախանյանն ու հիշում հին ու բարի ժամանակները, երբ Եղեգնաձորում գործում էին պահածոների, պանրի գործարաններ, Երեւանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման եւ «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղերը, «Հայգյուղտեխնիկա» միավորման շրջանային բաժանմունքի նորոգման արհեստանոցներ, տեղական արդյունաբերության եւ կենցաղսպասարկման կոմբինատներ, ծխախոտի մթերման, մեքենամելիորատիվ կայաններ:
Արդյունաբերական ձեռնարկությունների զգալի մասը, որտեղ աշխատում էր Եղեգնաձորի բնակչության 35 տոկոսը, այժմ չի գործում: Այսօր Վայոց ձորի մարզկենտրոնում աշխատում են ընդամենը 3 գործարան, գինու, պանրի արտադրամասեր։ Եղեգնաձորը 1980-ականներին լավ մասնագետներ է ունեցել, միայն արդյունաբերական ոլորտում 6000 բանվոր է աշխատել։ Ըստ Իսախանյանի՝ այդ արտադրությունները պահպանում էին գյուղերը, չէին դատարկվում. «Հիմա պետական քաղաքականություն չի մշակվում, որ գյուղացին կամ փոքր քաղաքների բնակիչները չլքեն բնակավայրը»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։