ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ նոյեմբերի 23-24-ին Երեւանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկման առանցքում երկու փաստաթուղթ է եղել: Առաջինը Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրների ղեկավարների որոշումն է:
«Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, համաձայնեցված, որոշված է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը, սակայն մի շարք առումներով փաստաթուղթը լրամշակելու կարիք կա»,- նշել է Զասը՝ հավելելով, որ հանձնարարվել է այն լրամշակել եւ ներկայացնել երկրների ղեկավարների ստորագրմանը:
Քննարկված մյուս փաստաթուղթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն է, որը նույնպես համաձայնեցվել է, սակայն երեւանյան քննարկման ընթացքում որոշվել է մի քանի խմբագրում անել: Ըստ Զասի՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ են հնչել, ինչին պետք է նորմալ վերաբերվել:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀԱՊԿ պետություների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել է 15 որոշում, եւ միայն 2-ն են վերանայման ուղարկվել, որոնցից մեկը, փաստորեն, Հայաստանին էր առնչվում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով նիստում դարձյալ ասել է, որ Երեւանը կազմակերպությունից քաղաքական գնահատական է ակնկալում, որը, սակայն, այդպես էլ չհնչեց։ Փաշինյանը հայտնել է, որ դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով ինքը պատրաստ չէ ստորագրելու այդ փաստաթուղթը։ Թե ինչ ձեւակերպումներ են եղել փաստաթղթում, հայտնի չէ։
«Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չընդունելը կարող են նշանակել ո՛չ միայն ՀԱՊԿ-ի՝ դաշնակցային պարտավորություններից հրաժարում, Ադրբեջանը դա կարող է մեկնաբանել նաեւ որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»,- ասել է Փաշինյանը։
Ավելի ուշ ընդլայնված նիստում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարզաբանել էր, որ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց այդ հարցի քննարկումը որոշել են հետաձգել։