ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում եւ դրանից հետո երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են ԼՂ խնդիրները:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է կարեւոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում եւ կշարունակի աջակցել գործընթացին:
«Ոչ ոք չի փորձում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ-որ ամսաթվի հարմարեցնել, կարեւոր է, որ այն ստորագրվի: Կարեւոր է, որ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ. բոլորը պետք է դրա համար առավելագույն ջանքեր ներդնեն` չմրցակցելով միմյանց հետ»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ ՀԱՊԿ-ը պահանջված է եւ անհրաժեշտ: Պեսկովը նշել է նաեւ, որ Հայաստանն, անշուշտ, շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի կազմում` չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր հարցերում է հաջողվել համաձայնության հասնել: