ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Սերբիայի եւ չճանաչված Կոսովոյի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից:
Ըստ նրա՝ Սերբիան համաձայնել է դադարեցնել Կոսովոյի քաղաքների կոդերով համարների տրամադրումը, իսկ Կոսովոն՝ սերբական համարներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը:
«Առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկելու հետագա քայլերը»,- նշել է Եվրամիության գլխավոր դիվանագետը:
Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել էր Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները չփոխած սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, երբ Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունները արդյունք չէին տվել: