ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան հիմնվում է ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման անհրաժեշտության, ներառյալ հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի դրույթների վրա:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ եւ սպառնալիք պարունակող հայտարարությունները՝ Մարիա Զախարովան կարեւորել է զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակի սրման հանգեցնող սադրիչ հռետորաբանությունից: Ըստ դիվանագետի՝ Մոսկվան երկու կողմի հետ մշտական շփման մեջ է ինչպես քաղաքական առումով, այդ թվում՝ երկրների ղեկավարների, արտգործնախարարների, այնպես էլ տեղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԱԴԾ սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերի կանխարգելման նպատակով:
«Անշուշտ, կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նպատակով»,- եզրափակել է Զախարովան:
Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը, ունի բավական բարդ, զգայուն բնույթ: «Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչեւ հստակ պայմանավորվածությունների հասնելը»,- ասել է դիվանագետը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի Հայաստան, ապա Ադրբեջան կատարած այցերին՝ Զախարովան նշել է. «Այդ շփումների ընթացքում քննարկվում է նաեւ խաղաղության պայմանագրի հարցը»: