ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կարծես թե չպատասխանեց ՀՀ մարտահրավերներին: Չնայած դրան՝ Փաշինյանը դրական է համարում ՀԱՊԿ-ի շրջանակում եւ Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները:
Ինչի՞ մասին է խոսքը: Ավելի ճիշտ, ի՞նչ է նշանակում՝ դրական եմ համարում: Առաջին հերթին սա նշանակում է, որ երկուստեք կա փոխըմբռնում, որ ընդունվելիք որոշումներում կարող են լինել տարաձայնություններ: Այսինքն՝ Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանը կարող է չմիանալ, ասենք, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի տեքստին, որովհետեւ այն չի պատասխանում մի էական հարցի՝ որտե՞ղ են կանգնելու ՀԱՊԿ խաղաղապահները, եթե հանկարծ որոշեն հայ-ադրբեջանական սահմանին զորք կանգնեցնել:
Չկա այդ կետը հռչակագրի տեքստում, ուստի Հայաստանը չի ստորագրում այն: Չի ստորագրում, որովհետեւ ՀԱՊԿ-ն լռում է Հայաստանի օկուպացվածության մասին: Իսկ եթե լռում է, ուրեմն կարող է առկա սահմաններում զորք կանգնեցնելով լեգիտիմացնել Ադրբեջանի «ձեռքբերումները», այսինքն՝ 140 ք/կմ-ի գրավումը: Այստեղ փաստորեն Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կա փոխըմբռնում: Եթե այս փոխըմբռնումը չլիներ, Փաշինյանը դրական չէր գնահատի երկկողմ քննարկումները:
Դրանք դրական կարող են գնահատվել նաեւ այն պատճառով, որ երկուստեք խոսել են իրենց իրական նպատակների մասին, որոնք մյուս կողմի քաղաքական նպատակների ու ապագայի տեսլականի հետ կտրուկ հակասության մեջ են: Ենթադրենք՝ Հայաստանը խաչ է քաշում ռուսական զենքի գնման վրա ու զենք է ձեռք բերում Արեւմուտքից: Ռուսաստանը սա չի ընդունում, ավելին՝ կտրուկ դեմ է, բայց հասկանում է Հայաստանին: Այսինքն, երբ Փաշինյանն ասում է, թե «դրական եմ համարում ՀԱՊԿ շրջանակում եւ Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները», սրանից կարելի է առաջիկայում ե՛ւ լավ բան սպասել, ե՛ւ վատ բան: Հարցն այն է, թե ում համար ինչ կարժենա փոխըմբռնումը:
Հայտնի է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցային լծակները չափազանց շատ են: Պետք է սպասել կա՛մ պատժամիջոցների, կա՛մ նոր «հնարավորությունների»՝ հասնելու ավելի լայն փոխըմբռնման: Այն, որ Հայաստանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի տեքստը, վատ է Ռուսաստանի տեսանկյունից: Բայց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում:
Ռուսների, ավելի ճիշտ, ՀԱՊԿ-ի հանդեպ տոնայնությունը մեղմացրել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահը: Սա նշանակում է, որ քաղաքական գործիքները սպառված չեն: Հասկանալու համար, թե ինչ աստիճանի սպառված չեն, պետք է սպասել Արեւմուտքի արձագանքին:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: