Նոյեմբերի 24-ին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Maple Leafs» հայ-կանադական բժշկական կլինիկայի տարածքում, հանդիսավորությամբ վերաբացվել է Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոսի գրասենյակը:
Հյուպատոսության բացման միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Կանադայի դեսպան (նստավայր՝ Մոսկվա) Էլիսոն Լը Քլերը, Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը, Հայաստանի ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ այլ հյուրեր։
Էլիսոն Լը Քլերը նշել է, որ Կանադան 1997-ից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում ապրող, աշխատող, սովորող եւ ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։
«Վերջին մի քանի տարիներին խզվածք եղավ, եւ Հայաստանում չկարողացանք ունենալ հյուպատոսություն, երկար ժամանակ այսօրվան սպասում էինք, եւ ահա եկավ այդ օրը»,- հավելել է դեսպանը։ Նա հիշեցրել է նաեւ, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին դեռ հունիսի վերջին հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին։
ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, ըստ որի՝ հայ-կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ զարգացել են, հույս է հայտնել, որ Հայաստանում հաջորդ տարի կգործի նաեւ Կանադայի դեսպանությունը: