Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ օդի աղտոտվածությունը տարեկան ավելի քան 200 հազար եվրոպացիների կյանք է խլում:
Ըստ գործակալության հաշվետվության՝ օդի աղտոտվածությունը բնապահպանական այն գործոնն է, որն առավել հաճախ է հարուցում մահվան հանգեցնող հիվանդություններ: ԵՄ փորձագետները պնդում են, որ 2020-ին Եվրամիության երկրների բնակչության 96%-ը ենթարկվել է արտանետումների կործանարար ներգործության:
Հետազոտողները պարզել են, որ Եվրոպայում շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով վաղաժամ մահվան եւ հաշմանդամության առավել տարածված պատճառներ են դարձել սիրտ-անոթային հիվանդությունները եւ ինսուլտը, ինչպես նաեւ թոքերի քաղցկեղը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը եւ շաքարային դիաբետը:
Օդի աղտոտվածության պատճառով վաղաժամ մահվան առավել մեծ թիվ է արձանագրվել Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռումինիայում եւ Իսպանիայում: Իրավիճակն ամենից լավ է Հյուսիսային Եվրոպայի երկրներում՝ Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում եւ Էստոնիայում:
Ըստ զեկույցի հեղինակների՝ բնապահպանական գործոնների պատճառով մահացության մակարդակը 2005-2020 թվականներին նվազել է 45%-ով: Եվրոպայի իշխանությունները ձգտում են մինչեւ 2030-ն օդի աղտոտվածության պատճառով առաջացած մահերի թիվը 2005-ի ցուցանիշների համեմատ նվազեցնել 55 %-ով: