Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Նիդերլանդների խորհրդարանին Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ի պատասխան ավելի վաղ պատգամավորների ներկայացրած հարցապնդումների։
Նամակում նշվում է, որ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հետաքննելու է այս տեսանյութում հայտնված իրադարձությունները։ Շեշտվել է նաեւ, որ Նիդերլանդները միջազգային գործընկերների հետ ուշադիր հետեւելու են հետաքննությանը։
Նամակում նշվում է, որ Հայաստանի ՊՆ-ն հաստատել է տեսանյութի իսկությունը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին, իսկ Bellingcat-ը հոկտեմբերի 20-ին հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։ Human Rights Watch-ը եւս վերլուծել է տեսանյութը եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ արել անկախ հետաքննություն սկսելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու։