Երեք ամիս է՝ Լիանա Բադեյանը երեք երեխաների հետ Վարդենիսի Ազատ գյուղից տեղափոխվել է Երեւան: Ամուսինը, սակայն, դեռ գյուղում է, փորձում է ինչ-որ կերպ վարել տնտեսությունը եւ խնամել ընտանիքին պատկանող հորթուկներին:
«Սեպտեմբերի 13-ից հետո մեր գյուղում ապրել հնարավոր չէ. թշնամու նշանառության տակ է: Բոլոր ընտանիքները հեռացել են: Տղամարդիկ կանանց ու երեխաներին հանել են գյուղից, իրենք գնում-գալիս են: Մարդիկ կան՝ իրենց վերջին կոպեկն էին դրել հողի մեջ ու հիմա չգիտեն, թե ինչ անեն»,- ասում է կինը:
Գյուղում ունեցած տնտեսությունը լիարժեք վարելու անհնարինության պատճառով ինչպես մյուս, այնպես էլ Լիանայի ընտանիքում լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել. «Ես ու 20-ամյա որդիս տառապում ենք երիկամների անբավարարությամբ: Երեք օրը մեկ հիվանդանոց ենք գնում, չենք կարող աշխատել: Մեր միակ եկամուտը 60 հազար դրամ նպաստն է: Տան վարձը տալու համար դրան ավելացնում ենք Վարդենիսում ապրող մեր ծնողներից ստացած օգնությունը»:
Լիանա Բադեյան. «Ամուսինս շաբաթվա ընթացքում մի անգամ է գալիս քաղաք: Չի դիմանում, ասում է` ես գյուղի մարդ եմ»:
«Բայց հողերը ո՞նց մշակենք: Չգիտենք, թե գարնանն ինչ վիճակ կլինի: Վարե՞նք, ցանե՞նք, թե՞ թողնենք թշնամուն»:
«Չեմ ուզում հիշել այդ գիշերը: Ահավոր վիճակ էր` պայթյուններ ու կրակոցներ»:
«Առանց այդ էլ մեր ընտանիքը լուրջ խնդիրներ ուներ, դրան գումարվեց տնից ուժով հեռանալը»:
«Առողջական խնդիրները մեզ ստիպում են անշարժ կյանք վարել: Միակ ուրախությունը տան փոքրիկն է` 5 տարեկան Մարիան»:
«Ազատից շատ բան չեմ բերել, հիմնականում խոհանոցային մի քանի պարագաներ:
«Օրերս ամուսինս մեր այգուց միրգ էր ուղարկել: Ջեմ եփեցի, որ երեխաների համար համով բաներ պատրաստեմ»:
«Մայրս ու հայրս դեռ այնտեղ են, հրաժարվում են հեռանալուց: Մի կով ունեն, մի քիչ կաթ, պանիր են ուղարկում»:
«Սեպտեմբերի 13-ից հետո ամեն օր անորոշության մեջ ենք»:
«Անդադար բժշկական միջամտության կարիք ենք ունենում, միակ բուժումը երիկամների փոխպատվաստումն է, որը Հայաստանում չի արվում:
Հույս ունենք, որ մի օր մեզ կաջակցեն, եւ կկարողանանք այդ բուժումը ստանալ»:
«Դեպքերի ժամանակ մեր հորթուկները փախել, գնացել, սահմանին կանգնել էին:
Մեր ընտանիքի միակ ունեցվածքն են, ամուսինս, կյանքը վտանգելով, գնաց, հետ բերեց»:
Ընտանիքի ավագ դուստրը` Լիլիթը, ուսանողուհի է, ուսումն ավարտելուց հետո հույս ունի լավ աշխատանք գտնելու:
Լիանան ասում է` դեռեւս չի սկսել տունը ջեռուցել, չգիտի, թե ինչպես պետք է վճարի դրա դիմաց:
«Փորձում ենք հարմարվել դժվարություններին, բայց չգիտենք, թե մինչեւ երբ կկարողանանք»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։