Ամիսներ շարունակ վայոցձորցի շուրջ տասնյակ երիտասարդներ «տեղափոխվել են» խորհրդային անցյալ՝ ուսումնասիրելու Վայք քաղաքի պատմությունը։ Հետազոտությունն իրականացրել է «Վայք ինֆոտունը»՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ։
Նպատակը Վայքի խորհրդային շրջանի վերաիմաստավորումն է՝ կանաչ ու խելացի քաղաքի հայեցակարգի մշակման համար։ «Վայքի ինֆոտունը» համակարգող «Աշխատանք եւ հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ-ի ղեկավար Ռուզան Ղազարյանը մեկնաբանում է՝ առաջին հայացքից էական աղերս չունեցող այս ուղղությունները շատ փոխկապակցված են։
«Մենք չենք կարող քաղաքի զարգացման նոր ռազմավարություն մշակել՝ առանց ուսումնասիրելու մեր ժառանգությունը, հասկանալու՝ նյութական եւ ոչ նյութական ինչ եւ ինչպիսի արժեքներ ունենք, որոնք կարող են ներկայիս քաղաքի զարգացման կարեւոր խթաններից լինել»,- նշում է նա։
Վայքն իր խորհրդային շուրջ 35 տարիների ընթացքում ակտիվորեն կառուցապատվել է՝ դառնալով 7500 բնակչի համար բոլոր ֆիզիկական, սոցիալական, կրթական ու մշակութային ենթակառուցվածքներով բարեկարգ քաղաք։ Այդ ընթացքում կառուցված գործարաններից շատերն այսօր վերափոխվել են ժամանակակից շինությունների։ Դրանց մի մասը ծառայում է որպես այլ կառույց կամ իրականացնում է նույն գործառույթները նորարարական մեթոդներով։ Շատերը, սակայն, այդպես էլ մնացել են խորհրդային անցյալում։
«Չաշխատող գործարաններն ունեն վերաբացվելու ներուժ՝ արտադրական տարածքներն ու մյուս ռեսուրսները օգտագործելով նոր ժամանակներին համապատասխան արտադրանքներ եւ ծառայություններ մատուցելու համար։ Կարծում եմ՝ մարզային եւ քաղաքային իշխանությունները դրա վերաբերյալ պետք է լուրջ քննարկումներ ծավալեն սեփականատերերի հետ»,- նշում է Ռուզան Ղազարյանը։
Ուսումնասիրություններն իրականացողներին մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ շատերը գրեթե ամբողջությամբ վերացրել են խորհրդային շրջանի հիշողությունները։ Ռուզան Ղազարյանը կարեւորում է ժառանգության ու պատմական հիշողությունների վկայությունների պահպանությունը։
«Ուսումնասիրության փուլում ափսոսանքով նկատեցինք, որ ե՛ւ անհատները, ե՛ւ կազմակերպությունները չափազանց անփույթ են եղել անցյալի, իրենց ու իրենց հարազատների նվաճումների նկատմամբ՝ ոչնչացնելով հետքերը, կարծելով, որ լավ բան են անում։ Մենք շատ դժվարությամբ հայթայթեցինք ցուցանմուշներ․ դրանց մեծ մասը ոչնչացված է»,- նշում է նա։
Ուսումնասիրությունները տեւել են մի քանի ամիս։ Խորհրդային շրջանում ապրած ու աշխատած քաղաքացիների հետ հարցազրույցներ վարող կամավորները նախ դասընթացի են մասնակցել։ Ծանոթացել են բանավոր հարցազրույցների անցկացման մեթոդներին, կազմել անհրաժեշտ հարցաթերթիկը։ Հետո այցելություններ արխիվներ, գրադարաններ, գործարաններ․․․
Ընթացքն անսովոր, բայց հետաքրքիր է եղել։ Քանի որ ուսումնասիրություններն իրականացրել են անկախության սերնդի ներկայացուցիչները, նաեւ նոր աշխարհ են բացահայտել՝ իրենց ներկայից էապես տարբերվող ու անծանոթ։ «Վայք ինֆոտան» ծրագրի համակարգող Քրիստինե Սարգսյանը մանրամասնում է՝ խմբերից մեկն ուսումնասիրել է քաղաքի գործարանները, մյուսը՝ հուշարձանները։ Այդ տարիներին աշխատած անձանց գտնելը հեշտ չի եղել, բայց հետո մեծահասակները սիրով են հյուրընկալել երիտասարդերին ու միասին մի քանի տասնյակ տարի «հետ գնացել»։
«Վայք ինֆոտան» ծրագրի օգնական Տաթեւ Մովսիսյանն էլ, ներկայացնելով արդյունքները, նշում է․ «Քաղաքացիներից ոմանք կարեւորում էին նյութական բարեկեցությունը, որ ունեցել են խորհրդային տարիներին, բայց բոլոր դեպքերում անկախությունն ավելի կարեւոր է, քան առաջինը։ Այն ժամանակ մեդիան փակ է եղել, անհասանելի, մարդիկ իրենց պետության մեջ եւ աշխարհում տեղի ունեցող շատ երեւույթներից տեղյակ չեն եղել, հետեւաբար համեմատելու հնարավորություն էլ չի եղել»։
Երիտասարդներն ասում են՝ կուզեին այդ ընթացքում ապրել՝ ավելի մոտիկից ծանոթանալու, բայց ընդգծում՝ կարճ։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ցուցահանդեսում, որը կայացել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։ Ցուցադրվել են տարբեր գործարանների արտադրատեսակներ՝ պլաստիկ խաղալիքներից մինչեւ «Արփի» ջրերի գործարանի արտադրանք, կարեւոր ենթակառուցվածքների բացման արարողություններից լուսանկարներ, հիշողություններ։
Թանգարանի ընտրությունը եւս պատահական չի եղել․ այնտեղ եւս որոշ ցուցանմուշներ պահպանվում են, որոնց էլ ավելացվել են ուսումնասիրության ընթացքում հավաքված իրերը։ «Սա նաեւ հնարավորություն էր՝ թանգարան այցելելու մշակույթը եւս մեկ անգամ կարեւորելու։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը մարզային թանգարանների շարքում լավագույններից է՝ թե՛ հագեցվածության, թե՛ շենքային պայմաններով»,- նշում է Ռուզան Ղազարյանը։
Ցուցադրությունը շուտով կկայանա նաեւ Վայք քաղաքում՝ տեղաբնակներին հիշեցնելով հարազատ քաղաքի անցյալը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: