ՌԴ ներքին գործերի նախարարության ներգաղթի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան հայտնել է, որ ներգաղթյալները մոտ 220 կեղծ ամուսնություն են կնքել՝ այդ կերպ փորձելով օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում։ Ըստ պաշտոնյայի՝ բոլոր փաստաթղթերը, որոնք ստացվել են կեղծ ամուսնության արդյունքում, չեղյալ են հայտարարվում, իսկ քաղաքացին արտաքսվում է ՌԴ տարածքից։
Կազակովան նաեւ հայտնել է, որ 2023-ի հունվարի 1-ից արտասահմանցի ուսանողները ուսումնառության ամբողջ ընթացքում Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվություն կստանան։ Իսկ բուհն ավարտելուց հետո ժամկետն ավտոմատ կերկարաձգվի 180 օրով։
Մեղմացումները կանդրադառնան նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների վրա, որոնք, շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվության ընթացակարգը, ՌԴ-ում կացության կարգավիճակ կստանան: Ընդ որում` կացության կարգավիճակ կտրամադրվի ոչ միայն նրանց, այլեւ նրանց հարազատների լայն շրջանակին (ծնողներին, երեխաներին, թոռներին, տատիկներին եւ պապիկներին)։
ՌԴ ներգաղթի հարցերով վարչության ղեկավարը նշել է նաեւ, որ Ռուսաստանի կառավարությունում օրինագիծ է մշակվել, որով նախատեսվում է արտաքսումն ու վարչական վտարումը փոխարինել ՌԴ-ից արտաքսման միասնական ընթացակարգով:
Ռուսաստանում մոտ 6 միլիոն օտարերկրյա քաղաքացի կա։ Նրանց մոտ կեսը աշխատանքային ներգաղթյալներ են, 750 հազարը՝ ժամանակավոր եւ մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներ, 400 հազարն էլ՝ արտասահմանցի ուսանողներ։