Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրի նախավերջին խաղում Պորտուգալիա-Գանա հանդիպմանը հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղի երկրորդ կեսում: 65-րդ րոպեին պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն 11-մետրանոց հարվածով բացեց հաշիվը: Գանայի հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Այուն շատ արագ հավասարեցրեց այն:
Այնուհետեւ պորտուգալացիներ Ժոաո Ֆելիքսը եւ Ռաֆաել Լեաոն երկու րոպեում երկու գոլ խփեցին: Սակայն դա նույնպես չընկճեց գանացիներին, որոնք սկսեցին մեծ ուժերով գրոհել: Խաղի 89-րդ րոպեին Օսման Բուկարին գլխի հարվածով հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի:
Հանիպման վերջին՝ 90+9 րոպեին, Պորտուգալիայի դարպասապահի սխալից հետո Գանան քիչ էր մնում հավասարեցներ հաշիվը, սակայն հարվածի պահին գանացի ֆուտբոլիստը սայթաքեց եւ կորցրեց պահը: Այդպիսով՝ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 3:2 հաշվով եւ սկսեց գլխավորել H խումբը:
Ուրուգվայը եւ Կորեան 1-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: