Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով: «Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ, թեեւ այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել»,-նշված է հայտարարությանը կից թվիթերյան գրառման մեջ:
Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունք է, եւ Արցախի ժողովուրդն արժանի է նրան, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին: Լեմկինի ինստիտուտը Արցախի խնդիրներն ուսումնասիրելու համար արդար լուծելու եւ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով անկախ միջազգային հանձնաժողով ստեղծելու կոչ է անում:
Հայտարարությունում նաեւ հակիրճ ներկայացվում է Արցախի կարգավիճակի փոփոխության պատմությունը, Արցախյան երկու պատերազմները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Միջազգային հանրությունն, ըստ Լեմկինի ինստիտուտի, չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետեւանքները, որն «Արեւմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաեւ «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»:
Լեմկինի ինստիտուտը նաեւ շեշտում է, որ Արեւմտյան աշխարհը եւ հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում՝ Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում եւ հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում եւ վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, դրանց թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն:
«Եվ որ կարեւոր է, հաշվի առնելով Թուրքիայում եւ Ադրբեջանում ցեղասպանության ներկայի կարմիր դրոշները, ինչպես նաեւ այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներեւակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել եւս կհանգեցնի «խաղաղության» եւ «բարեկեցության»,- նշված է հայտարարությունում: