Ըստ AP-ի՝ ինտենսիվ մարտերն Ուկրաինայում հարկադրել են Պենտագոնին վերանայել զենք-զինամթերքի իր պաշարները։ Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունում այժմ քննարկվում է այն հարցը, թե եթե աշխարհում եւս մեկ խոշոր պատերազմ բռնկվի, կունենա՞ արդյոք Միացյալ Նահանգները զենք-զինամթերքի բավարար պաշար պայքարի համար։ Պենտագոնում այս հարցը կարեւորում են ոչ միայն այն պատճառով, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ձգձգվել տարիներ, այլեւ որովհետեւ նրանք չեն բացառում, որ ապագայում հնարավոր է հակամարտություն լինի Չինաստանի հետ։
Ռուսաստանն օրական մինչեւ 20 հազար կրակոց է արձակում՝ ինքնաձիգներից մինչեւ թեւավոր հրթիռներ։ Ուկրաինան կարողանում է պատասխանել օրական 7 հազար կրակոցով, էլի սովորական հրազենային զինատեսակներից մինչեւ 155 մմ-անոց հաուբիցային արկեր, Stinger զենիթային հրթիռներ եւ NASAMS ՀՕՊ-ի համար նախատեսված զինամթերք։
Ուկրաինայի ռազմական կարողությունների մեծ մասն ապահովում է Միացյալ Նահանգները։ Այդ զենք-զինամթերքը գրեթե ամենշաբաթյա պարբերականությամբ հասցվում է ռազմաճակատ։ Բառացիորեն երեկ հայտնի է դարձել, որ Ուկրաինային ԱՄՆ-ը հրազենային զինատեսակների համար նախատեսված եւս 20 միլիոն փամփուշտ է տրամադրելու։ Սակայն Պենտագոնում արդեն բարձրաձայնում են, որ ԱՄՆ-ը դեռեւս չի եղել մի իրավիճակում, երբ որպես պաշար պահեստավորած ունենա միայն մի քանի օրվա համար նախատեսված կրիտիկական զենք-զինամթերք։
Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը նախատեսված չէ խոշոր ցամաքային պատերազմի մատակարարումների համար։ Որոշ սպառազինությունների արտադրությունը, ինչպիսին, օրինակ, Stinger-ն է, դադարեցվել է դեռ տարիներ առաջ։ Եվ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են հասկանալ, թե որքանով են ԱՄՆ ռազմական պահեստավորված պաշարները բավարար հենց Միացյալ Նահանգների կարիքների համար, եթե, օրինակ, խոշոր եւս մեկ ռազմական բախում սկսվի․ օրինակ՝ Չինաստանը ներխուժի Թայվան։ «Ռազմական պաշարների վերականգնման համար անհրաժեշտ է ժամանակ, գուցե եւ տարիներ, իսկ հակամարտությունը կարող է ծագել հենց այսօր»,- նշում են ամերիկացի ռազմական փորձագետները։
Միացյալ Նահանգները Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելիս կա՛մ անհրաժեշտ զենք-զինամթերքը վերցնում է իր պաշարներից, կա՛մ էլ ֆինանսավորում է ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների հետ պայմանագրերը, որպեսզի ավելացվեն արտադրական ծավալները։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն արդեն 19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել, այդ թվում՝ 924 հազար հրետանային արկեր 155 մմ-անոց հաուբիցների համար, ավելի քան 8500 հակատանկային Javelin համակարգեր, 1600 զենիթային հրթիռների Stinger համակարգեր, հարյուրավոր տրանսպորտային միջոցներ եւ անօդաչուներ, ինչպես նաեւ 38 HIMARS ՀՕՊ համակարգեր։
Ընթացիկ ամսում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 37 միլիարդ դոլարի հավելյալ ռազմական եւ հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինային։ Սպիտակ տնից շեշտել են, որ խնդրանքը հարկ է բավարարել մինչեւ հունվար, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կանցնի հանրապետականների հսկողության տակ։ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավար Քեյվին ՄաքՔարթին, ով ամենայն հավանականությամբ հունվարին կստանձնի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ իրենք չեն աջակցի այդ նախագծի հաստատմանը։ Նույնիսկ եթե Սպիտակ տունը կարողանա այդ գումարը ստանալ, հնարավոր չի լինի միանգամից հավաքել անհրաժեշտ զենք-զինամթերքի քանակությունը՝ Ուկրաինա ուղարկելու համար, քանի որ այն զինատեսակների արտադրությունը, որոնք կենսական կարեւորություն ունեն հիմա Ուկրաինայի համար, վաղուց դադարեցված են եղել ամերիկյան ռազմական արդյունաբերական ձեռնարկություններում այն պարզ պատճառով, որ ամերիկյան բանակն այլ առաջնահերթություններ է ունեցել, իսկ ոչ առաջնահերթ արտադրական հոսքագծերը գործարկված վիճակում պահելը թանկ արժի եւ նպատակահարմար չէ։
Ու թեեւ ռազմական մատակարարումների նոր պայմանագրեր են կնքվում ամերիկյան իշխանությունների եւ ռազմական արդյունաբերական ձեռնարկությունների միջեւ, պատրաստի արտադրանքը ամերիկյան զինանոց դեռեւս չի մուտք գործի, քանի որ անհրաժեշտ է ժամանակ պաշարների լրացման համար։
Ռուս-ուկրաինական պատերազմը, եզրակացնում են ռազմական փորձագետները, ցույց տվեց, որ ամերիկյան, ինչպես նաեւ դաշնակից երկրների ռազմական արդյունաբերությունները պատրաստ չեն ծավալուն ցամաքային պատերազմի համար մատակարարումների։
Պատրաստեց Արման Գրիգորյանը