Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ նոյեմբերի 25-ին ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Միջադեպի մասին 11:55-ին նույն համայնքի ոստիկանության շրջանային բաժանմունք է դիմել Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը:
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաեւ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության շրջանային բաժիններն ի մի են բերել փաստերն ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:
Արցախի ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 25-ին ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն, ըստ որի ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի 09։55-12։10-ն կրակ են բացել Արցախի Ասկերանի եւ Մարտունու շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊՆ-ն ադրբեջանական կողմի հայտարարությունը որակել է իբրեւ հերթական ապատեղեկատվություն։