Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը ոչ թե պատրաստ է, այլ անընդհատ արձանագրում է, որ իրավիճակի կարգավորման հարցում աջակցում է երկու պետություններին։ Նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Ըստ նրա՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։