ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել Բրյուսելում սպասվող հանդիպման անցկացումը եւ խաղաղության գործընթացը, իրականության հետ որեւէ աղերս չունեն։
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահը:
«Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձեւաչափում, եւ տրամաբանական է, որ հանդիպման ձեւաչափը եւ մասնակիցների կազմը պիտի նույնը լինեն»,–նշել է Հունանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ ըստ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության եւ ձեւաչափի։
Անդրադառնալով Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանի Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկներին՝ Հունանյանը նշել է, որ այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրին առնչվող հայկական առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։