Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս այն բանի օգտին, որ Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան։
«Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային խորհրդաժողովի իր ելույթում Ալիեւը հայտարարել է, թե ներկայում Երեւանի հռետորաբանության մեջ «փոփոխություններ են նկատվում»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն, եթե կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները:
«Այժմ նրանք ասում են, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ մենք էլ ասում ենք, որ աջակցում ենք դրան։ Ցանկանում ենք՝ այս երկու գործընթացները զուգահեռ ընթանան. խոսքը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին է»,– շեշտել է Ալիեւը։