ԵՄ էներգետիկայի նախարարները նախօրեին չեն կարողացել համաձայնության գալ գազի գնի սահմանափակման հարցի շուրջ։ Նախարարները մեկ անգամ էլ կհանդիպեն՝ քննարկելու համար գազի գնի կարգավորման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկած մեխանիզմը։ Այդուհանդերձ, մասնակիցները կարողացել են պայմանավորվել ԵՄ մակարդակում գազի գնման միասնական համակարգի ձեւավորման հարցի եւ վառելիքա-էներգետիկ ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ։
Եվրոպական երկրներում անհամաձայնություն կա «Մեծ յոթնյակի» առաջարկած ռուսական նավթի գնի սահմանափակման մեխանիզմի առնչությամբ։ «Մեծ յոթնյակն» առաջարկում է ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի համար սահմանել 65-70 դոլար՝ մեկ բարելի դիմաց, սակայն ԵՄ-ում կարծում են, որ դա չափազանց բարձր գին է։ Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտնելու ռուսական նավթի նկատմամբ սահմանված էմբարգոն։ Այդ հարցով նախօրեին մեկնարկած բանակցությունները շարունակվելու են նոյեմբերի 25-ին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը