Ըստ բրիտանական BBC-ի՝ Չինաստանում, հակառակ երկրի իշխանությունների՝ կորոնավիրուսային համավարակը զսպելու ուղղությամբ գործադրած մեծ ջանքերին, վարակվածների թիվը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ հասնելով գրեթե 31 հազար 500-ի: Դա նույնիսկ ավելին է, քան 2022-ի ապրիլին գրանցված նախորդ պիկը:
Այդ ժամանակ Չինաստանի իշխանությունները ստիպված եղան կարանտին հայտարարել ամբողջ Շանհայում: 25 միլիոնանոց քաղաքն իրականում երկու ամիս անցկացրեց լիակատար մեկուսացման մեջ: Երկրի իշխանությունները ստիպված են շարունակել սահմանափակող խիստ միջոցառումները. մեծ քաղաքներում վերսկսվում են մասնակի արգելափակումները եւ զանգվածային թեստավորումները։
31 նահանգների եւ մի շարք մեգապոլիսների, մասնավորապես՝ ավելի քան 22 միլիոն բնակիչ ունեցող մայրաքաղաք Պեկինի եւ 18,5 միլիոն բնակիչ ունեցող Գուանչժոուի իշխանությունները հայտնել են հիվանդության բռնկումների մասին։ Պեկինը դա բացատրում է երկրում պատվաստումների անբավարար ցուցանիշներով:
Չինաստանի «զրոյական դեպքերի» քաղաքականությունը ծանր հարված է հասցրել երկրի տնտեսությանը եւ հասարակ մարդկանց կյանքին՝ առաջացնելով դժգոհության պոռթկումներ, դրանց թվում՝ բողոքի ցույցեր Գուանչժոուում գործող iPhone-ի աշխարհի ամենամեծ գործարանում: