ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթնաժողովի ամենադիպուկ գնահատականը, կարծում եմ, տվեց «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը, երբ այն անվանեց «կազմակերպությունը փլուզումից փրկելու ռուս-ղազախական փոխզիջում»։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Ղազախստանին, իսկ մեզ համար, երեւի, դրական էր Ղազախստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը։ ՀԱՊԿ-ը չեկավ «մեր բակը» եւ չէր կարող գալ, որովհետեւ հավաքական անվտանգության մասին պայմանագիրը կազմակերպության անդամ երկրին չի պարտավորեցնում անվտանգային հարցերում հրաժարվել այլ՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող, երկրի հանդեպ ունեցած պարտավորություններից։
Ավելի հանրամատչելի լեզվով ասած՝ Ռուսաստանը (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) Ադրբեջանի հետ ունի իրավա-պայմանագրային հարաբերություններ, որ կառուցված են միմյանց ինքնիշխանության ճանաչման եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով։ Այս առումով Հայաստանի պաշտպանության նախարարին Ղազախստանի նրա պաշտոնակցի Աստանա այցի հրավերը դիվանագիտական չափազանց խոսուն երեւույթ է։
Ղազախստանը հետխորհրդային թուրքախոս երկիր է, անդամակցում է «Թուրքական պետությունների կազմակերպությանը», որտեղ է նաեւ Ադրբեջանը։ Հայ-ղազախական ռազմական համագործակցություն, իհարկե, հենց վաղը կամ մյուս օրը չի ձեւավորվի, բայց ազդակը, չպետք է կասկածել, Բաքվում գնահատվելու է ամբողջ «լայնքով եւ խորքով»։
Ովքեր հիշում են երեսնամյա վաղեմության իրավիճակը, կվկայեն, որ ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանում Հայաստանը բավական արդյունավետ համագործակցում էր Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Մենք նույնիսկ Իրանի միջոցով կոմունիկացիա ունեինք Թուրքմենստանի հետ, գրեթե ընկերական էին Հայաստանի եւ Ղրղզստանի նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ասկար Ակաեւի հարաբերությունները։ Դիվանագիտական այդ ժառանգությունը, ցավոք, հաջորդ իշխանությունները ոչ միայն չզարգացրին, այլեւ գրեթե ամբողջովին անտեսեցին՝ կենտրոնանալով միայն Մոսկվայի «օրհնության» վրա։ Իսկ Մոսկվան ակնհայտորեն ամենազոր չէր, ամենազոր չէ։
Ձեւավորված է նախապաշարմունք, որ եթե երկիրը թուրքախոս է, ուրեմն Հայաստանի «թշնամին է», Ադրբեջանի դաշնակիցը։ Եվ մենք փորձում ենք անպայման «հակակշիռ գտնել»։ Դա, ինչպես փորձը եւ իրականությունն են ցույց տալիս, գրեթե ապարդյուն ձգտում է, անիմաստ ջանք։ Ոչ մի երկիր, որքան էլ մյուսի հետ բարդ հարաբերություններ ունենա, թշնամի վաստակելու շռայլություն իրեն թույլ չի տա։
Օրերս ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը հատվածաբար հրապարակել էր Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Վելայեթիի հեղինակային հոդվածը, որտեղ նա իր երկրի էթնիկ ազերիներին ոչ թե փոքրամասնություն, այլ «պետականաստեղծ ժողովուրդ» է անվանում, համարում, որ նրանք «իրանական աչքի լույսն են»։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հասնել խաղաղության»,- ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթնաժողովում հայտարարեց Ղազախստանի նախագահ Տոկաեւը։ Եվ դա հնարավորության արձանագրում է, որ կարելի է հասկանալ այն իմաստով, ինչպես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն է ձեւակերպել, որ Ռուսաստանը «ղարաբաղյան հակամարտության պատմական կողմ է»։
Այդ ահռելի պատասխանատվությունը հաղթահարելու համար Մոսկվան ոչ թե միջամտության կամ «հաշտարար դատավորի», այլ կողմերից «հավասար հեռավորության միջնորդի» կերպարն է ընտրել։ Հետխորհրդային թուրքախոս երկրները կարող են միայն չխանգարել՝ Ադրբեջանի հետ բացահայտ չհամերաշխվելու քաղաքական հանձնառությամբ։
ՀԱՊԿ-ը չեկավ «մեր բակը», բայց կազմակերպության երեւանյան գագաթնաժողովը Հայաստանի համար դեպի Կենտրոնական Ասիա «ճեղք բացեց»։ Դա Հայաստանի պաշտպանության նախարարին Աստանա այցի հրավերն է։ Պետք է խոստովանել, որ եթե Կենտրոնական Ասիան մեր առջեւ «փակ է», ապա մենք էլ տասնամյակներ շարունակ «փակ» ենք այդ կարեւորագույն տարածաշրջանի երկրների համար։
Փակ ռեժիմը կա՛մ պատրանքներ է ծնում, ինչպես եղավ նախաքառասունչորսօրյա պատերազմական շրջանում, կա՛մ դառը դժգոհություն։ Պատրանքի ավերածությունը տեսել ենք, բայց ավելի վատ կարող է լինել դառնացածության հետեւանքը։ Հայաստանը պետք է «բացվի», որպեսզի նրա դեմ «աշխարհը բացվի»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։