Երեւանում տեղի ունեցավ ուկրաինական Հոլոդոմորի 90-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, ուկրաինական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հրավիրյալներ։
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոն իր ելույթում նշեց՝ 1932-1933 թվականներին ստալինյան ռեժիմն առգրավեց պարենամթերքը․ միլիոնավոր մարդիկ սովի մատնվելով մահացան՝ դառնալով ցեղասպանության զոհ։ Պատճառն այն էր, որ 1930 թվականին Ուկրաինայում ընդվզել էին կոլեկտիվացման դեմ։ Սենչենկոն նշեց՝ ցավոք, այսօր էլ բազմաթիվ քաղաքացիական անձինք պատերազմի զոհ են դառնում, ապա հավելեց՝ ուկրաինացիներն անգամ Հոլոդոմորից հետո են կարողացել ոտքի կանգնել, պայքարել, հիմա էլ կկարողանան, կհաղթահարեն դժվարին օրերը։
«Ցավոք, այսօրվա միջոցառման ընթացքում խոսում ենք ոչ միայն 90 տարի առաջ տեղի ունեցած Հոլոդոմորի, այլեւ այսօր Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներից, որոնք այս օրերին մեր կողքին են։ Շնորհակալ ենք այն երկրներից, որոնք աջակցում են մեզ՝ Լեհաստանը, Բալթյան երկրները, ԱՄՆ-ը, Կանադան, Գերմանիան․․․ Նրանք օգնում են հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած է Ուկրաինան»,- ասաց Սենչենկոն։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո բազմաթիվ ուկրաինացիներ Հայաստան են տեղափոխվել, ոմանք արդեն փախստականի կարգավիճակ են ստացել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 364 անձ, որից 240-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Փախստականի կարգավիճակ է տրամադրվել 22 անձի, մերժվել՝ 28-ի, կարճվել՝ 37-ի դիմումները։
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստան ժամանած ուկրաինացիներին հայերը ջերմորեն են ընդունում։
«Կարծիքները, որ լսել եմ Ուկրաինայից Հայաստան տեղափոխված քաղաքացիներից, դրական են։ Հայաստանում մարդիկ անտարբեր չեն ուկրաինացիների նկատմամբ․ աջակցում են ե՛ւ բարոյապես, ե՛ւ ֆինանսապես։ Բարոյական աջակցություններից մեկն էլ այն հավաքներն են, որոնք կազմակերպվել են Երեւանի կենտրոնում՝ հաջակցություն ուկրաինացի ժողովրդի»,- նշեց Սենչենկոն։
«Ալիք Մեդիա»-ն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր «Ուկրաինա․ մարդկային պատմություններ» խորագրի ներքո պարբերաբար հրապարակումներ է անում պատերազմական գոտում ապրող, պատերազմի հետեւանքով իրենց տները լքած մարդկանց մասին։
«Ուկրաինական ֆորում» բարեգործական կազմակերպությունը Հայաստանում հումանիտար օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Հայաստան ժամանած քաղաքացիներին։ Կազմակերպության տնօրեն Ելենա Շեւչուկը, որը ներկա էր քննարկմանը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստանը հյուրընկալ ու բարեկամասեր երկիր է։ Հայաստան ժամանած ուկրաինացիներին ջերմորեն են ընդունում։
«Հայաստանում մեզ աջակցում են տարբեր հարցերում։ Հումանիտար օգնություն ցուցաբերելու համար ֆոնդ ենք բացել, եւ բազմաթիվ անհատներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Հայաստանի եւ նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիներ, գումար են փոխանցել մեր ֆոնդին»,- ասաց Ելենա Շեւչուկը։
«Ուկրաինական ֆորում» բարեգործական կազմակերպությունը ոչ միայն նյութապես է օգնում Հայաստան ժամանած ուկրաինացիներին, այլեւ հիմնել է ինտեգրացիոն կենտրոն, որտեղ ուկրաինացիները կարող են հայոց լեզու սովորել։ Կազմակերպությունը նաեւ մարզական, մշակութային միջոցառումներ է կազմակերպում ուկրաինացիերի համար։
Ելենա Շեւչուկը հիշեց՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստանում բազմիցս բողոքի ակցիաներ ու հավաքներ են կազմակերպել եւ որեւէ անգամ խոչընդոտի չեն բախվել։ Հայաստանում ուկրաինացիներն իրենց ազատ ու պաշտպանված են զգում։
Մեր երկրում կան նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք հումանիտար օգնություն են ցուցաբերում Հայաստան տեղափոխված ուկրաինացիներին։
«Օրինակ՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն փախստականի կարգավիճակ ստացած ուկրաինացիներին դրամական օգնություն է տրամադրում, բնակվարձը փոխհատուցում, երեխաներին դպրոց ուղարկելու, գրենական պիտույքներ տրամադրելու հարցում է օգնում․․․ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են ուկրաինացիներին։ Մենք միշտ զգում ենք, որ մեզ այստեղ սատար են կանգնում, մեզ համար հենարան են դառնում։ Դա մեզ համար չափազանց կարեւոր է, երախտապարտ ենք մեզ ցուցաբերված օգնության համար»,- եզրափակեց Ելենա Շեւչուկը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։