ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի տարածած լուրը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրությունում:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախի պաշտպանության նախարարությունում էլ հերքել են հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունը:
«Դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,- շեշտել է Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Նոյեմբերի 26-ին ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի` նոյեմբերի 26-ին`11:28-ին, Ադրբեջանի տարածքում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, «հայկական զինված խմբավորումներին պատկանող քվադրոկոպտերը հետախուզական թռիչք է կատարել Շուշքենդ բնակավայրի` Խոջալուի, Աղդամի շրջանի Էդդի Խիրման բլրի տարածքում իրենց ստորաբաժանումների վրա»: