Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ավարտվում է: Հողօգտագործողը «ճտերն է հաշվելու», բայց ասում է՝ հաշվելու բան չկա: Գյուղատնտեսական ոլորտը տարեցտարի անկում է ապրում: Բնությունը մի կողմից է վատ տրամադրված, պետությունն էլ չի կարողանում իր ռեսուրսներով դիմակայել կլիմայական փոփոխությունների պատճառով բերքի անընդմեջ նվազմանը:
Արեստակես Հունոյանը մարզում հայտնի խոշոր գյուղատնտես է: Մինչեւ 60 հեկտար հող էր մշակում, մեծ եկամուտ ունենում: Այս տարի ցանքատարածությունները կրճատել է՝ հասցնելով 30 հեկտարի: «Ոռոգման ջուր չունեցանք, պարարտանյութ չունեցանք, քանի որ երեք հեկտարից ավելի ցանողին պետությունն ասաց՝ գնա՛, գլխիդ ճարը տե՛ս»,-դժվարություններն է թվարկում Արեստակեսը: Մեծ հողակտորներ մշակողը ստիպված եղավ մեկ պարկ պարարտանյութը գնել 15-17 հազար դրամով: Գյուղատնտեսն իր կանխատեսումը հոռետեսական չի համարում, ասում է՝ այս տեմպերով գյուղատնտեսությունը գնում է կործանման: Ըստ նրա՝ մոտակա 5 տարում ոլորտը կմարի:
Ազատան գյուղի բնակիչ Գեւորգ Աբրահամյանը նույն կարծիքին է. Հայաստանում գյուղատնտեսությունն անընդհատ անկման է գնում: Ասում է՝ վարելահողերը դեգրադացված են այն աստիճանի, որ խնդիրը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության հարց: «Միայն ազոտ ենք տալիս ու սպասում բերքի, այդպես չի լինի… Այս հողը տարիներով կալիում ու ֆոսֆոր չի տեսել»:
Ըստ Գեւորգի՝ անհատ հողօգտագործողն առանց պետության աջակցության հարցին գոնե որոշակի լուծում տալ չի կարող: «Գյուղացին չի կարող հանքային պարարտանյութ ներկրել, թող ներկրեն, կգնենք: Այս տարի սուբվենցիոն ծրագրով խոստացան մի քանի տեսակի պարարտանյութ բերել Հայաստան, բայց միայն ազոտ եւ կարբամիտ ներկրեցին: Դաժան ենք վերաբերվում հողին, ինքն էլ մեզ նույն կերպ է պատասխանում»,-ասում է Գեւորգը: Նա հիշում է, որ տարի է եղել՝ մեկ հեկտարից 50 տոննա կարտոֆիլ են ստացել: Տասնամյակներ առաջ դեռ կուտակված հանքային պարարտանյութ կար: Հիմա մի հատիկ չկա: Այս տարի Գեւորգը մեկ հեկտարից առավելագույնը 12-15 տոննա բերք է ստացել: «1 հեկտար կարտոֆիլ մշակելու համար 3 միլիոն դրամ ենք ծախսում, հողատարածք կա՝ 1 միլիոնի բերք էլ չենք ստանում»:
Գեւորգը եւս մեկ խնդիր է բարձրաձայնում, որի մասին չի խոսվում: Երաշտի պատճառով թռչունները «հարձակվում են» կաղամբի ու ծաղկակաղամբի դեռ չհասած բերքի վրա: «Կերի սակավություն է, դաշտերում սերմ չկա, կանաչ զանգված չկա: Անձրեւ չլինելու պատճառով անձրեւորդ նույնպես չկա: Թռչունները սովից ոչնչացնում են հողի մակերեսին աճող բանջարեղենը, ինչի պատճառով այս տարի բերքի մեծ մասը վաճառվեց որպես անասնակեր»:
Մասնագիտությամբ գյուղատնտես Վարդան Իկիլիկյանը մասնագիտական գնահատական է տալիս. երկարատեւ տապը, օդի հարաբերական խոնավության պակասը, ջրային ռեսուրսների անբավարարությունը բուսաբուծության վրա շատ վատ ազդեցին: Ըստ Իկիլիկյանի՝ որ բնությունն անբարեհաճ է, ոչ ոք մեղավոր չէ, բայց որ մի ամբողջ պետություն անզոր է ինչ-որ բան փոխելու ոլորտում, ակնհայտ է: Նա գյուղատնեսությունը արհամարհված ճյուղ է համարում: Ասում է՝ բարդ գիտություն է, որին չեն տիրապետում մեր երկրում: «Նախարարություն չկա, գյուղատնտեսական ուսումնական հաստատություններում ուսանողներ չկան, քանի որ հետաքրքրվածություն չկա: Այս ամենի հետեւանքով մասնագետներ չկան, եղածներն էլ նոր տեխնոլոգիաների են ձգտում, բայց հողը հող է մնացել, որը նախկինում բավարար բերք է տվել»:
Գյուղատնտեսն ասում է՝ առանց պետական սուբսիդավորման գյուղատնտեսություն չկա, եթե կա էլ, ունենք այն, ինչ ունենք հիմա: «Գյուղատնտեսությունը մեծ հաշվով եկամտաբեր ոլորտ չէ, բայց պարենային անվտանգության հարցն է հիմքում: Ամեն ոլորտում չէ, որ պետք է նայենք եկամտաբերությանը»:
Գյուղատնտեսն այս տարվա միակ դրական բանը աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագիրն է համարում: Հույս ունի, որ այն գյուղատնտեսության արթնացման սկիզբը կլինի: «Մեր երկրում գյուղատնտեական հողերի 45 տոկոսը չի մշակվում, դա 200 հազար հեկտար է: Եթե պետությունը սուբսիդավորի, ցանենք այդ հողերի թեկուզ կեսը, մեր ցորենը 3 ամսի փոխարեն 7-8 ամիս մեզ կբավարարի, եւ կախվածության մեջ չենք լինի հարեւաններից»,- վստահ է Վարդան Իկիլիկյանը:
Շիրակի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ բերքահավաքի վերջնական տվյալները պատրաստ կլինեն մոտ օրերս: Մարզում հացահատիկի, ընդեղենի, բանջարեղենի բերքահավաքի տվյալներին կանդրադառնանք դրանք ստանալուն պես:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։