Սոթքում հաստատված բնակիչները ավելի քան երեք տասնամյակ առաջ տեսած տեղահանությունը, տունն ու կահկարասին կորցնելու վտանգը վերապրեցին անցնող սեպտեմբերին, երբ ադրբեջանական զինուժը երկու օր շարունակ հրետակոծում էր գյուղը:
Մինչև 1988 թվականը Սոթք ավանը, ինչպես Վարդենիսի գյուղերի մեծամասնությունը, բնակեցված էր Հայաստանի ադրբեջանցիներով: Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են ադրբեջանահայեր, իսկ ավելի ուշ՝ հայեր Վարդենիսից եւ այլ բնակավայրերից: Կա նաեւ բացառություն:
Յուլյա Դանիելյանը հայ ամուսնու հետ Սոթք է տեղափոխվել 1999-ին: Յուլյայի հայրը իսպանացի է, մայրը՝ ուկրաինուհի: Իրերի բերումով նրանք ծանոթացել են եւ ամուսնացել Տաշքենդում, որտեղ էլ ծնվել է Յուլյան, մեծացել եւ ծանոթացել ամուսնու հետ, որը Բաքվի հայերից է:
«Երբ սեպտեմբերի 13-ի գիշերը սկսվեց, ես ու ամուսինս առանց խուճապի, արագ նստեցինք մեր մեքենան եւ հասանք Վարդենիս: Երկու աղջիկ ունեմ, ամուսնացած են, այստեղ չեն բնակվում: Այստեղ միշտ քամի է ու ցուրտ, բայց սիրում եմ Սոթքը»,- ասում է նա:
Յուլյան Սոթքի դպրոցի ճաշարանում ամեն օր տաք սնունդ է պատրաստում տարրական դպրոցի աշակերտների եւ նախադպրոցականների համար: Սոթքի դպրոցը խորհրդային վերջին տարիներին կառուցվել է 550 աշակերտի համար: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոց էր հաճախում 157 աշակերտ: Քանի որ ընտանիքների մի մասը դեռ չի վերադարձել գյուղ, դպրոցում մնացել է 128 աշակերտ:
Արտակ Մելքոնյանը Սոթքի դպրոցի տնօրենն է 13 տարի: Սոթքի դպրոցում բոլոր դասարանները կոմպլեկտավորված են, շենքը վերանորոգված է և ջեռուցվում է:
«Ադրբեջանի երկօրյա հարձակումից և հրետակոծումից մի քանի օր հետո գյուղացիները սկսեցին վերադառնալ: Երեխաներն այլ վայրում չեն համակերպվում, իրենց գյուղն ու դպրոցն են ուզում, իրենց ընկերներին են ուզում: Մեր աշակերտներից մեկի ընտանիքը տեղափոխվել է Աբովյան, անընդհատ ծնողներին ասում է՝ ինձ տարե՛ք մեր տուն, տարե՛ք իմ դպրոց»,- պատմում է Մելքոնյանը:
Համայնքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանն ասում է՝ գյուղացիների շուրջ 80 տոկոսը վերադարձել է տուն, թեեւ տների մեծ մասը ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է:
«Պետությունն արձանագրել է, որ հրետակոծության հետեւանքով 152 տուն վնասվել է: Մինչև սեպտեմբերի 13-ը Սոթքում ծխում էր 220 տուն, 30 տուն 1988-ից ի վեր բնակեցված չի եղել»,- ասում է Խաչատրյանը:
Սոթքում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ եւ կարտոֆիլի մշակումով, մի քանի տասնյակ մարդ աշխատում է ոսկու հանքում, որի մեծ մասը 44-օրյա պատերազմի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետեւանքով անցավ Ադրբեջանին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանն անցնում է հենց հանքավայրի տարածքով: Սոթքը եւ Վարդենիսի շրջանի գյուղերի մի մասը հակառակորդի ափի մեջ են, քանի որ սարերի գագաթները գրավել եւ այնտեղ հաստատվել են ադրբեջանական ուժերը:
Գյուղի վարչական ղեկավարն ասում է, որ թեեւ բնակիչների շրջանում դեռեւս կա վախի զգացողություն, սակայն հիմնական խնդիրը ոչ այնքան անվտանգությունն է, որքան զբաղվածությունը:
«Այսօր գյուղում անասնագլխաքանակ գրեթե չի մնացել: Խուճապային տրամադրության տակ մարդիկ էժան գներով վաճառեցին անասունը: Միայն 20 ընտանիք անասուն ունի: Պետք է օգնել մարդկանց, որ անասուն ձեռք բերեն: Մարդը իր կովը շտապ վաճառել է 150 հազար դրամով, բայց այսօր պետք է կրկնակին տա նորը գնելու համար»,- ասում է Խաչատրյանը:
Սոթքում ձմեռը խիստ է, գյուղը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա է: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով փոխվում են գյուղի վնասված տների տանիքները: Գյուղացիները սպասում են, որ «Տաշիրը» կվերանորոգի Սոթքի բոլոր տանիքները, եւ գյուղը կունենա նոր տեսք՝ կարմիր տանիքներով:
Սեպտեմբերի 13-14-ին Սոթքը հայտնվել էր Ադրբեջանի հրետակոծության տակ, քանի որ այստեղ է հայկական բանակի ռազմակայանը, որը պաշտպանում է Սոթքից Վերին Շորժա սահմանագիծը: Շինություններից մեկում տեղակայված էին ռուսական սահմանապահ ուժերը, որոնք կրակոցներից անմիջապես հետո հեռացել ու այլեւս չեն վերադարձել: Ռումբեր են ընկել նաև նրանց կացարանի վրա, սակայն միայն այն բանից հետո, երբ արդեն ռուսները հեռացել էին:
Գյուղացիները զայրույթով ու հումորով են վերաբերվում ռուսներին: Մի կողմից նրանք սպասում էին, որ ռուսների ներկայությունը կզսպի Ադրբեջանին, որ հարձակում չլինի, մյուս կողմից ծիծաղելով պատմում, թե ինչպես էին հայ ժողովրդի պաշտպան ռուսները առաջին կրակոցներից հետո փախչում գյուղից:
Ինչպես Սոթքում, այնպես էլ սահմանային մյուս գյուղերում ու Հայաստանում սեպտեմբերյան դեպքերը խոր հոգեբանական փոփոխություն բերեցին: Անգամ անուղղելի ռուսասերներն ընդունեցին, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱԿՊ-ը չեն ուզում կամ չեն կարողանում կանխել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ:
Բադալյանների վնասված տունը հենց ռազմակայանի հարեւանությամբ է: Ավելի շատ տուժել են այն տները, որոնք մոտ են ռազմակայանին:
«Առաջին կրակոցից հետո ռուսները փախան: Յոթ հոգով էինք տանը, երբ առաջին ռումբերն ընկան՝ ես, կինս, որդիս եւ հարսս ու մեր երեք թոռները: Երեխաները վախից ճչում էին»,- ասում է Ռաֆիկ Բադալյանը:
Նրա ընտանիքը ժամանակավորապես հաստատվել է Վարդենիսում, քանի որ հնարավոր չէ վնասված տանն ապրել: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը վերանորոգում է նաև Բադալյանների տան տանիքը՝ փոխարինելով այն մուգ կարմիր թիթեղով: «Պետությունը պետք է օգնի, որ մարդիկ վերադառնան»,- ասում է Բադալյանը:
Հակոբ Աթայանի տան տարածքում 9 ռումբ է ընկել, որից մեկը՝ սենյակի մեջ: Նրա ընտանիքը Սոթք է տեղափոխվել Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ հայկական գյուղից: Ինչպես Սոթքում, այնպես էլ Վարդենիսի նախկին ադրբեջանաբնակ գյուղերում հաստատվել են հայեր Ադրբեջանի գյուղական շրջաններից:
«Պետք է վերականգնել ավերված եւ վնասված տները, որպեսզի մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Մեծ ուշադրություն պետք է դարձնել, որ մարդկանց հույսը չկտրվի: Հույսը կտրվեց, մարդ չի մնա այստեղ»,- ասում է Աթայանը:
Սեպտեմբերյան ագրեսիայից շաբաթներ առաջ Հայաստանը հայտարարել էր, որ պատրաստ է պետական սահմանի երեք կետերում, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ հատվածում, տեղադրելու անցակետեր, որոնցով Ադրբեջանը ավտոմոբիլային ճանապարհով հնարավորություն ունենա կապվելու ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Բաքուն, սակայն, մերժեց առաջարկը՝ կրկին պահանջելով միջանցք:
Սեպտեմբերի 13-ի ագրեսիան Սոթքի բնակիչների համար հույսեր չի թողել, որ առաջիկայում սահմանները կբացվեն, եւ կհաստատվի խաղաղություն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։