ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանին օգնության համար միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սահման առաքելություն ուղարկել, որը կգնահատի իրավիճակը։
Նա հավելել է, որ իրավիճակը բարդ է, նախեւառաջ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Զասը նշել է, որ Հայաստանին իբրեւ օգնություն ՀԱՊԿ-ն առաջարկում է քաղաքական-դիվանագիտական, եւ ռազմական միջոցառումների համալիր, ներառյալ՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման։ Նա շեշտել է, որ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն էլ աջակցություն են հայտնել միջոցառումների վերաբերյալ։
Ըստ Ստանիսլավ Զասի՝ միակ բանը, որին չի հաջողվել հասնել, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է։
Ավելի վաղ ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, թեեւ որոշակի լրամշակումների կարիք ունի: Հանձնարարություն է տրվել լրամշակել այդ փաստաթուղթը եւ ներկայացնել պետությունների ղեկավարների ստորագրմանը։