Մադրիդում նոյեմբերի 25-27-ն անցկացված Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսը Ադրբեջանին դատապարտող բանաձեւ է ընդունել: Բանաձեւով նաեւ դատապարտվում է որեւէ երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը։
Հաշվի առնելով 2021-ի մայիսից Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները, մասնավորապես քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակավայրերի նկատմամբ, Սոցիալիստական ինտերնացիոնալը Ադրբեջանին կոչ է անում զորքերը դուրս բերելու Հայաստանի տարածքից։
Սոցիալիստական ինտերնացիոնալը նաեւ դատապարտել է հայ ռազմագերիների կալանավորումներն ու կտտանքները՝ պահանջելով գերիների ու պահվող անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակում։
Կոնգրեսն ընդունել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, արձանագրել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Կարեւորվել է Ղարաբաղյան հակամարտության լուծումը հանուն տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին եւ առհասարակ միջազգային հանրությանը կրկին կոչ է արվել՝ շարունակելու ջանքերը առարկայական բանակցությունների ուղղությամբ։
Կոնգրեսը նաեւ ընդունել է մի շարք այլ բանաձեւեր՝ համերաշխություն հայտնելով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների զոհ դարձած կողմերին։ Նստաշրջանի ընթացքում կազմակերպության նախագահ է ընտրվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար` Գանայի Ազգային դեմոկրատական կոնգրեսը ներկայացնող Բենեդիկտա Լասին։ Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհրդի նիստին մասնակցել են շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։