Նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ) բացվել է Ե. Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը, որի հեղինակը քանդակագործ Արմենակ Վարդանյանն է: Հուշատախտակը տեղադրվում է այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրել է Չարենցն իր կյանքի երկու տարիներին: Բանաստեղծը Երեւան է եկել 1919-ի խոր աշնանը. ապրել է տարբեր տներում, երբեմն ուղղակի զբաղեցրել է սենյակի մի անկյուն, տարիներ շարունակ բնակվել է նախկին «Ինտուրիստ» (ներկայիս «Երեւան») հյուրանոցում:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը պատմում է, որ մի օր այստեղով անցնելիս բանաստեղծը տեսնում է կարմիր տուֆից կառուցվող շենքը եւ խնդրում, որ իրեն այդ շենքից բնակարան հատկացնեն: Աղասի Խանջյանի կարգադրությամբ շենքի 3-րդ հարկի թիվ 12 բնակարանը հանձնվել է բանաստեղծին: Ըստ Արփենիկ Չարենցի՝ այս տանն են ծնվել Չարենցի հայտնի «Նավզիկե», «Աղասի Խանջյանին», «Հարսանիքը» ստեղծագործությունները:
Ըստ թանգարանի տնօրենի՝ 1937-ի հուլիսի 26-ին, երբ ձերբակալել են Չարենցին, հենց այս շենքի մուտքից են դուրս բերել եւ տարել: Այդ օրվանից նա այլեւս երբեք մուտք չի գործել իր տուն: 1954-ից հետո նրա ձեռագրերը դարձել են ժողովրդի սեփականությունը, իսկ 1964 թվականին Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը, որի նախագահն էր Անտոն Քոչինյանը, որոշել է Չարենցի տունը վերածել հուշային բնակարանի:
Մինչեւ 1975-ը հուշային բնակարանի աշխատակիցները զբաղվել են հավաքչական աշխատանքներով՝ ի մի բերելով Չարենցի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող փաստաթղթեր: 1975-ին մեմորիալ բնակարանը պատրաստ էր այցելուներ ընդունելու: Հենց այդ շրջանում այդտեղ բացվել է հուշատախտակ, սակայն տարիներ առաջ հանվել է, քանի որ տարեթվերը սխալ են եղել: