Գյումրիում կայացավ «Հաշտարարության մշակույթը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում» հետազոտության շնորհանդեսը։ Կազմակերպիչների նպատակն էր ուսումնասիրել հաշտարարի մշակույթը Շիրակի մարզի Սարապատ, Ամասիա, Աշոցք համայնքներում, գնահատել կիրառվող մեթոդների արդյունավետությունը:
Հետազոտությունն իրականացրել է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի Գյումրի Ինֆոտունը: Հաշտարարության մշակույթը Շիրակի մարզի գյուղական բնակավայրեր բերելու գործում Ինֆոտանը գործընկերական ձեռք է մեկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում:
Գյուղերում բազմաթիվ կոնֆլիկտներ են ծագում համագյուղացիների, հարեւանների, խնամի-բարեկամների, տաքարյուն երիտասարդ տղաների միջեւ: Վեճերը հիմնականում հարթում են գյուղի տարեցները, գյուղապետները, գյուղական հեղինակությունները: Սակայն բազմաթիվ դեպքեր էլ կան, երբ սրտացավ հեղինակությունն «ունքն ուղղելու փոխարեն աչքն է հանում», ինչի հետեւանքով կոնֆլիկտը դառնում է հանցագործության հիմք:
«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը հաշտարարի մշակույթը գյուղերում ներդնելու գործընթացը ճիշտ ժամանակին է համարում: Ասում է՝ պետությունն իրականացրեց համայնքների միավորում, որը վիճելի գործընթացների սկիզբ դարձավ: Մեծ թվով համայնքներ զրկվեցին համայնք լինելուց եւ դարձան բնակավայր: Խոշորացված համայնքներում լարվածության օջախներ առաջացան՝ թե՛գույքային, թե՛ սովորութամշակութային: Խնդիրների լուծումը, ինչպես միշտ, ստանձնեցին ոչ թե խոշորացման գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները, այլ այնտեղ ապրող մարդիկ:
«Հաշտարարության մշակույթը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում» հետազոտության հեղինակ Գայանե Հակոբյանն ասում է՝ գյուղերում դեռ վաղ է լիարժեք գործարկել հաշտարարի գործառույթը, բայց սկսել է պետք: Մարդիկ սկզբում դիմադրում են, նոր մշակույթին բացասաբար են արձագանքում: Հետազոտության ընթացքում թիմը բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել. մարդիկ հրաժարվում էին իրենց կոնֆլիկտների մասին երրորդ անձի հետ խոսելուց, հարցումներին էլ հիմնականում անկեղծ չէին պատասխանում:
«Նոր ինստիտուտի առաքելությունը պետք է լինի նոր մշակույթի ձեւավորումը՝ հիմնված գյուղի բնակիչների մասնակցության, ռացիոնալ երկխոսության, բանակցության ու ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունների զարգացման վրա»,- ասում է Գայանեն:
Ծրագրի հետազոտող Հասմիկ Ադամյանը երկար ժամանակ գյուղերում շրջել, մարդկանց հետ շփվել է անձամբ: «Շատ դեպքերում ծագած խնդիրը մեզ համար կոնֆլիկտ է, իրենց համար մեկ շիշ օղիով լուծվող հարց»: Հետազոտողներն արձանագրել են, որ ցանկապատը մի քանի քայլ հետ կամ առաջ դնելուց մինչեւ ավելի մեծ գույքային ու ներանձնային, ներընտանեկան, ներազգակցական խնդիրները շատ մոտ ապագայում գյուղացիները հաշտարարին չեն վստահի: Բայց առաջին դրական արդյունքները տեսնելուն պես վստահաբար կօգտվեն ծառայությունից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Փիրուզե Մանուկյանը բարձր գնահատեց ծրագրի առաքելությունը, ասաց, որ հիմնադրամը կրկին սիրով կհամագործակցի Ինֆոտան հետ՝ նպաստելով արդի արժեքների եւ նորմերի ներթափանցմանը մեր հասարակության բոլոր շերտեր:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։