2006-ի ապրիլին ԼՂՀ Ազգային ժողովում ղարաբաղյան կարգավորման հարցով լսումներ էինք կազմակերպել։ Փորձագետներ, քաղաքական գործիչներ էին հրավիրված նաեւ Երեւանից։ Արձագանքը, երեւի, զգուշացնող էր։ Մի քանի օր հետո Ստեփանակերտ եկավ Վարդան Օսկանյանը, փակ հանդիպում ունեցավ խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ոգեւորված էր եւ մեզ որպես մեծագույն գաղտնիք տեղեկացրեց, որ քննարկվում է «ռեֆերենդումի տարբերակ, որի արդյունքները պարտադիր կլինեն եւ կամրագրվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ռեզոլյուցիայով»։
«Պաշտոնական» մասն ավարտվեց, Օսկանյանը շտապում էր նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման, բայց ես հասցրի նրա «ճանապարհը փակել» եւ հարցնել․ «Իսկ եթե վերջին պահին Ադրբեջանը հրաժարվի՞ եւ պատճառ բերի, որ սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղ՝ որպես առանձին վարչատարածքային միավոր, գոյություն չունի՞։ Ի՞նչ հանրաքվե, եթե ինքնորոշվող միավոր իրավաբանորեն չկա»։
Օսկանյանն անակնկալի եկավ, բայց որպես փորձառու դիվանագետ՝ հարցիս հարցով պատասխանեց, թե իսկ ինչ եմ առաջարկում։ Անկեղծորեն ասացի, որ նախ պետք է հասնել Ադրբեջանում սահմանադրական փոփոխության կամ սահմանադրական օրենքի ընդունման եւ վերահաստատել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը։
Նա հակադարձեց, որ դա կնշանակի համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարությանը։ Ինձ ոչինչ չէր մնում, քան ասել․ «Իսկ ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը հարմար պահի չի հրաժարվի նաեւ ԼՂ-ին ինքնավարությամբ օժտելու խոստումից։ Ալիեւը միապետ չէ եւ կարող է պատճառաբանել, որ սահմանադրություն խախտել չի կարող, դա պետք է արվի համաադրբեջանական հանրաքվեով, ինչի արդյունքները, բնականաբար, կլինեն մերժողական»։
Նա միայն ժպտաց եւ բարձրացավ երրորդ հարկ, որտեղ իրեն նախագահ Արկադի Ղուկասյանն էր սպասում։ «Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին անգամ իր կազմում ինքնավար կազմավորման կարգավիճակ տալու դրժումը այնպիսի իրավական եւ քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս, որի ճիշտ կիրառման դեպքում բացվում է «անջատում հանուն փրկության» ․․․իրավունքի եւ այդ հայտի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար»,- վերջին հոդվածում գրել է Վարդան Օսկանյանը։
Ի՞նչ է հասկացվում։ Միայն մի բան՝ Հայաստանի իշխանությունն ավելի քան երկու տասնամյակ վստահ է եղել, որ Լեռնային Ղարաբաղի «ամենաբարձր ինքնավարության» կարգավիճակը «ծալած-գրպանը դրած ունի» եւ ձգտել է հասնելու առավելագույնին՝ կա՛մ նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի միջանցքի տարածքով Հայաստանին Արցախի միավորմանը, կա՛մ «անկախության հանրաքվեի» անցկացմանը։ Առաջին տարբերակը Քիուեսթում ի դերեւ է եղել, երկրորդի վրա ահռելի ջանքեր է գործադրել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ Սերժ Սարգսյանի կառավարությունը։ Դրանք անկեղծ ձգտումներ էին։ Բայց քաղաքականությունը «հնարավորի արվեստ» է։
Այսօր Վարդան Օսկանյանը, չհերքելով Արցախի արտաքին գործերի նախարար նշանակվելու մասին լուրը, վկայակոչում է Արցախին ինքնավար կազմավորման կարգավիճակ տալու Ադրբեջանի խոստումը, որից Իլհամ Ալիեւը կտրկանապես հրաժարվում է։ Օսկանյանը շատ արդարացիորեն համարում է, որ Ալիեւի «երդմնազանցությունը» մեզ իրավական եւ քաղաքական գործիքակազմ է տալիս՝ պնդելու «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը։
Բայց ո՞վ է անջատվում։ Լեռնային Ղարաբա՞ղը, թե՞ «Ղարաբաղի հայ բնակչությունը»։ Ալիեւը Լեռնային Ղարաբաղ չի ճանաչում։ Հակառակում նրան համոզելու համար Վարդան Օսկանյանը պատրա՞ստ է հետհաշվարկի՝ վերադառնալու նոյեմբերի 9-ի Հայտարարությանը, որը, թեեւ ընդհանուր ձեւակերպմամբ, բայց իրավաբանորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղը։
Երբ քառասունչորսօրյա պատերազմից կարճ ժամանակ անց տողերիս հեղինակը համարձակություն ունեցավ ասելու, որ պարտադրված ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթում առանձնացնել մեզ համար նվազագույն օգտակար տարրերը եւ աշխատել, որ դրանք ավելի օպտիմալ տեսքի բերվեն, Ստեփանակերտում «Բռնազավթված տարածքների մասին» օրենք էին ընդունում եւ օրը երեք անգամ տարբեր ինտոնացիայով կրկնում․ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Մինչդեռ իրականության մեջ կար եւ կա գերխնդիր՝ վերականգնել Արցախի վարչատարածքային սուբյեկտությունը, ամրապնդել անվտանգության երաշխիքները, բարելավել քաղաքական եւ պետական կառավարման համակարգը եւ Բաքվի հետ գնալ ուղիղ երկխոսության։
Անկեղծորեն կուզենայի, որ Վարդան Օսկանյանը ստանձներ Արցախի արտգործնախարարի պաշտոնը։ Դիվանագետի նրա փորձը, խնդրի խորքային իմացությունը, արտաքին աշխարհում ունեցած մարդկային եւ մասնագիտական կապերը բոլոր առումներով պահանջված են, նրա առաջադրած կոնցեպտը՝ պրագմատիկ եւ հնարավորինս իրացնելի։ Դիվանագիտական այդ «հետհաշվարկը» կարող է առաջընթաց ապահովել, բայց միայն մի դեպքում՝ եթե Վարդան Օսկանյանը պահանջված է որպես զուտ պրոֆեսիոնալ դիվանագետ։ Իսկ եթե նա պիտի լինի քաղաքական ֆիգուր, ապա «կստացվի ինչպես միշտ»։ Այսինքն՝ ոչինչ չի ստացվի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։