Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Ըստ ՀՀ ԱԽ մամուլի ծառայության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։