Ըստ ամերիկյան Associated Press գործակալության՝ Հավայան կղզիներում գրեթե 40 տարվա դադարից հետո առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը՝ Մաունա Լոան: Հրաբխի ժայթքմանը նախորդել են մի շարք բավական ուժգին երկրաշարժեր: Ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ Մաունա Լոան վերջին անգամ ժայթքել է 1984-ին, հրաբխի առաջին ժայթքումը եղել է 1843-ին:
Իշխանությունները Մեծ կղզում ապրող մարդկանց նախազգուշացրել են, որ հարկավոր է պատրաստ լինել վատթարագույն սցենարին: Ներկա պահին լավան հոսում է հիմնականում խառնարանի հատվածում եւ հրաբխի հյուսիսարեւելյան ճեղքերով, ինչը հեռու է համայնքներից եւ ժայթքումն ուղղակիորեն չի սպառնում բնակավայրերին:
Այդուհանդերձ, ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնը Մեծ կղզու շուրջ 200 հազար բնակիչներին նախազգուշացրել է, որ ժայթքումը կարող է բավական դինամիկ լինել, իսկ լավայի ուղղությունն ու հոսքի արագությունը կարող են արագորեն փոխվել: Իշխանությունները բնակիչներին հորդորել են պատրաստվել տարհանման, եթե լավան սկսի հոսել դեպի կղզու բնակեցված հատվածներ: