Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի պարենային անվտանգության, Սեւանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջի համաձայն, ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձեւավորված սպառողական վերաբերմունքը, առաջարկել է վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել ՀՀ տարածքից։
Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սեւանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ. 2019-ին՝ 2668 տոննա, 2020-ին՝ 2345 տոննա, 2021-ին՝ 5348 տոննա, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու Սեւանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում. 2020-ին՝ 300 տոննա, 2021-ին՝ 300 տոննա, 2022-ին՝ 600 տոննա:
Սակայն վերջին տարիներին սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռեւս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: Հայաստանում դեռեւս չկա այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: