Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ ցամաքային օպերացիան Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ կարող է սկսել ցանկացած պահի. «PYD/YPG-ն (քրդական պաշտպանական միավորումները, որոնք Թուրքիայի կողմից ահաբեկչական են որակվում) այնպիսի կառույց է, որ հարկ եղած դեպքում գործ կբռնի թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ ու թե՛ այլ երկրների հետ»:
Քալընը նշել է, որ Թուրքիան նման օպերացիաները սկսելուց առաջ քննարկումներ է ունենում իր դաշնակից երկրների հետ, սակայն որեւէ երկրից նախապես թույլտվություն ստանալու կարիք չունի․ «Իր անվտանգային խնդիրները լուծելու համար Թուրքիան ոչ ոքից թույլտվություն չի խնդրում եւ հաշվետու չէ ոչ ոքի առաջ»։
Խոսնակը շեշտել է նաեւ, որ իրենք նպատակ չունեն Սիրիայի տարածքում գտնվող ամերիկյան կամ ռուսական ուժերին թիրախավորելու, սակայն եթե այդ ուժերը տեղակայված են հենց Թուրքիայի նշանառության տակ գտնվող շրջաններում, դա արդեն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խնդիրն է․ «Մենք հստակ տեղեկացրել ենք այս երկրներին, որ մեր թիրախն այնտեղ ոչ թե ռուսական կամ ամերիկյան զինվորներն են, այլ PKK/PYD/YPG միավորումները»,- հավելել է Իբրահիմ Քալընը։