Բրիտանական Reuters գործակալությունը «Զինվորական ծառայությունից խուսափած ռուսները չեն շտապում հետ դառնալ Վրաստանից» վերնագրով հոդված է հրապարակել: «Մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ ավարտել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար սեպտեմբերի 21-ին հայտարարված զորահավաքի գործընթացը, զինծառայությունից խուսափելու համար հարեւան Վրաստան փախած տղամարդիկ ասում են, որ չեն շտապում վերադառնալ տուն»,- գրել է Reuters-ը։
Գործակալությունը հավելել է, որ Ուկրաինայի մարտի դաշտում գրանցված անհաջողություններից հետո, որոնց պատճառով հարյուր հազարավոր տղամարդիկ ռազմաճակատից խուսափելու համար մեկնել են Վրաստան, Հայաստան եւ Ղազախստան։ Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ այս տարի ավելի քան 110 հազար ռուսաստանցի է փախել Վրաստան։ Ռուսների ներհոսքը Վրաստան առաջացրել է ոչ միայն տնտեսական խառնաշփոթ, նաեւ հարուցել է բնակչության զայրույթը, քանի որ այդտեղ հակառուսական տրամադրություններն են իշխում։
Ղազախստանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Թամարա Դույսենովան իր հերթին նշել է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց ի վեր Ղազախստան է մուտք գործել ավելի քան 400 հազար ռուսաստանցի: Նրանցից ավելի քան 320 հազարը լքել է Ղազախստանը, իսկ շուրջ 100 հազար ռուսաստանցի դեռեւս այնտեղ է:
«Ռոսստատի» տվյալներով 2022-ի սկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 49 հազար մարդ։ Տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկիրը լքել էր 202 հազար մարդ։ Ներգաղթը 2022-ին նվազել է 96 հազարով այն դեպքում, երբ 2021-ին աճել էր 114 հազարով։