Արագիլների աշնանային չուի ժամկետները սկսել են ձգձգվել, ավելին՝ որոշ առանձնյակներ ընդհանրապես չեն չվում, այդ թվում երիտասարդ թռչունները: Սա զարմանալի է, քանի որ դրանք բնազդաբար պետք է չվեն: Բնականոն չուին նպաստում են նաեւ ծնողները, որոնք ուղղակի քշում են ձագերին բնադրման տարածքից: 2006 թվականից ի վեր ձմեռող արագիլների թիվը Հայաստանում ավելացել է՝ 250-ից հասնելով 1000-ի:
Հիմնական պատճառը կերի առկայությունն է, որը, մյուս կողմից, իսկական պատուհաս է արագիլների համար:
Հայաստանում սպիտակ արագիլները տարածված են Արարատյան դաշտավայրում, Արփա գետի հովտում, Շիրակի եւ Լոռու սարահարթերում: Բնադրում են ջրաճահճային տարածքներին մոտ գտնվող գյուղական վայրերում:
Եվրոպայում արագիլները գիտնականների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում՝ որպես խոնավ տարածքների էկոհամակարգերի վիճակի ցուցիչ: Դրանց ուսումնասիրում են նաեւ՝ գնահատելու վայրի բնության եւ մարդու փոխհարաբերությունները:
2005 թվականից Հայաստանում գիտնականներն առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում արագիլների վարքագծին, փորձում բացահայտել դրանց բազմացման դինամիկան: Չնայած որ տարեցտարի Հայաստանում մեծանում է հատկապես ձմեռող արագիլների քանակը, դրանց գոյությունն ու պահպանությունը վտանգված են, ուստի գիտնականները փորձում են բացահայտել խնդիրներն ու պահպանության անհրաժեշտ միջոցառումների քայլեր մշակել:
«Տեսակը ընտրել ենք, քանի որ բարձրակարգ գիշատիչ է, որը բավականաչափ խարիզմատիկ է մշտադիտարկման գործընթացում նաեւ գյուղացիներին ներգրավելու առումով, հեշտ է ճանաչելը, հետեւապես նաեւ հետազոտելը»,- ասում է թռչնաբան Կարեն Աղաբաբյանը։
Խորհրդային շրջանից մինչ օրս ջրաճահճային տարածքները շարունակական ճնշման են ենթարկվել: Արարատյան դաշտում դրանք 31 հազար հեկտարից նվազել են մինչեւ 20 հազար հեկտար, այն դեպքում, երբ հյուրընկալում են բազմաթիվ բնադրող ջրային թռչունների, այդ թվում համաշխարհային ու տեղական մակարդակներով վտանգված որոշ տեսակների: Հետեւապես ճահճային տարածքների վիճակի գնահատումը չափազանց կարեւոր է, ինչում արագիլները մեծ դեր ունեն:
Սակայն վերջին տարիներին, առավել ակնհայտ՝ 2019-ից, արագիլների գոյությունը վտանգված է: Հունիսից դրանք աղտոտվում են ճարպային ու յուղային նյութերով, որոնց հետեւանքով զրկվում են թռչելու եւ ինքնուրույն կեր հայթայթելու կարողությունից: Հետեւապես 2019-2021 թվականներին դրանք դադարել են լոկ ջրաճահճային տարածքների վիճակի ցուցիչ լինելուց: Առաջնահերթ խնդիր են հենց արագիլներին սպառնացող խնդրի բացահայտումն ու լուծումը:
Հետազոտողներն այցելել են Արարատյան դաշտի եւ հարակից շրջանների 42 վայրեր, հավաքել տվյալներ արագիլների 320 զույգերի ու դրանց բների վերաբերյալ: Այս հարցում էապես աջակցել են գյուղացիները՝ տվյալներ հաղորդելով թե՛ աղտոտված արագիլների, թե՛ բույնը լքած կամ նոր բնադրածների մասին:
«Յուրաքանչյուր բնում գրանցել ենք բնադրողների ընդհանուր թիվը, աղտոտված թռչունների թիվը եւ աղտոտվածության աստիճանը՝ պայմանականորեն բաժանելով երեք կատեգորիաների՝ «թեթեւ աղտոտված», երբ պարանոցի եւ որովայնի ստորին հատվածն է աղտոտված, «միջին», երբ պարանոցը, որովայնը եւ թեւերի մի մասն են աղտոտված, ունեն մուգ մոխրագույն գունավորում, եւ «խիստ աղտոտված», երբ թռչունը գրեթե ամբողջությամբ աղտոտված է եւ ունի գորշ գույն»,- պարզաբանում է պարոն Աղաբաբյանը:
Դիտարկել են 33 գյուղ: 2020-ին աղտոտված արագիլներ են հայտնաբերվել դրանցից 15-ում առկա 95 բներում: Աղտոտված ձագերի ընդհանուր թիվը եղել է 285, իսկ մեծահասակների թիվը՝ 192: Ընդ որում՝ բոլոր հասուն արագիլները ավելի թեթեւ են աղտոտված եղել, ինչն էլ թույլ է տվել համապատասխան հետեւություններ անել աղտոտման բնույթի մասին:
Եթե 2019-ին աղտոտված թռչուններ են հայտնաբերվել դիտարկված բների 5 տոկոսում միայն, ապա 2020-ին՝ յուրաքանչյուր 5-րդ բնում, իսկ 2021-ին՝ յուրաքանչյուր երկրորդ բնում:
«BirdLinks Հայաստան» կազմակերպության ու գործընկերների, ինչպես նաեւ կամավորների ջանքերով շատ թռչուններ փրկվել են: Այսուհանդերձ, գրանցվել են նաեւ կորուստներ: Եթե 2019-ին սատկել է ընդամենը 4 թռչուն, ապա 2021-ին սատկած թռչունների ընդհանուր թիվը եղել է 200, չնայած որ 24 արագիլների հաջողվել է փրկել: Սատկած արագիլներն առավելապես ձագեր են եղել, որոնք աղտոտվել են դեռեւս բներում եւ վնասվածքներ ստացել կամ անմիջապես սատկել հենց առաջին թռիչքի ժամանակ։
«Թեեւ ջրային թռչուններն ամբողջ աշխարհում տուժում են նավթի եւ նավթամթերքի թափոններից, հիմնականում ծովափնյա տարածքներում, Հայաստանում առաջին անգամ գրանցվել է ջրաճահճային թռչունների աղտոտում ճարպից կամ բուսայուղից, որն ակնհայտորեն թափոնների կառավարման խնդիր է»,- ասում է թռչնաբանը:
Խնդիրն այն է, որ Արարատյան դաշտում արագիլների սնման աղբյուր են թռչնաբուծարանների, ձկնաբուծարանների եւ պահածոների արտադրամասերի թափոններն ու բաց աղբավայրերը:
Թեեւ «Թափոնների մասին» օրենքով դաշտը կարգավորվում է, եւ թափոններ առաջացնող, տեղադրող, վերամշակող կամ օգտագործող կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար համապատասխան տվյալներ ու տեղեկություններ ներկայացնել, միշտ չէ, որ դա արվում է: Հետեւապես խնդիրը նաեւ տեսչական մարմնի դաշտում է:
Սակայն արագլիները չեն կարող սպասել համարժեք կարգավորումների: Ուստի «BirdLinks Հայաստան» կազմակերպությունը «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» հետ ձեռնարկել է ձկան թափոնների վերամշակման տարբերակների դիտարկում: Վերամշակման տեխնոլոգիաներ են մշակել: Պատենտավորում են ձկան թափոններից ձկան յուղ ու ձկնալյուր ստանալու նախընտրելի տեխնոլոգիան: Հաջորդ փուլը կլինի գործընկեր ձկնաբուծարանի հետ աշխատանքը՝ արտադրամասի տեղակայման համար, որից հետո կաշխատեն լոգիստիկայի ուղղությամբ, որպեսզի բոլոր ձկնաբուծարանները թափոնները հանձնեն արտադրամասին:
Բայց սրանով խնդիրը չի լուծվի: Հաջորդիվ հարկավոր է լուծել մյուս խոշոր՝ բուսական յուղի թափոնների հարցը:
«Սկզբունքորեն նպատակն այն է, որ բոլոր արտադրողներին պարտավորեցնենք՝ թափոնների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնեն՝ համեմատելի իրենց արտադրական ծավալների հետ, որ հնարավոր լինի ստուգել, թե ինչ են արել, որտեղ են տեղակայել թափոնը, մյուս կողմից՝ պատասխանատու լինեն իրենց գործունեության հնարավոր հետեւանքների համար»,- ասում է Կարեն Աղաբաբյանը:
Աղտոտման նյութերն ու հիմնական աղբյուրները բացահայտվել են: Ձմեռող թռչունները փետրափոխությունից հետո չեն աղտոտվում: Աղտոտումը տեղի է ունենում հենց ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանային պայմանները նպաստում են, որ ճարպային ու յուղային աղտոտիչները ծորացող հատկություն ունենան ու կպչեն արագիլների փետրածածկին:
Հուրախություն տեղեկացնեմ, որ ամռանն աղտոտված ու կամավորների օգնությամբ մաքրված ձագերը սեպտեմբերի վերջին չվել են Հայաստանից: Դրանք նախապես մաքրվել են, տեղակայվել ցանկապատված տարածքում, որը նախկինում ձկնաբուծարան է եղել, հետո վերածվել կերային բազայով հարուստ, հարմարավետ ջրաճահճային միջավայրի:
Ցանկապատները թույլ չեն տալիս, որ թափառող շները կամ այլ կենդանիներ մուտք գործեն տարածք, ինչի շնորհիվ թռչունները կազդուրվել են, սովորել ինքնուրույն կեր հայթայթել եւ ընտելանալ միջավայրին:
Խնամակալներն ամբողջ ընթացքում հետեւել են դրանց վարքագծին, թե ինչ եւ ինչպես են որսում, հետեւել են թե՛ սավառնող, թե՛ թափահարող թռիչքին, համոզվել, որ վայրի արագիլներից չեն տարբերվում, հետո վախեցնելով քշել են, որ չվեն ու չշարունակեն անզգույշ վերաբերվել մարդուն:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։