Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 13-14-ին սահմանային սրացումից հետո հիմնադրամի շահառուների թիվը ներկա դրությամբ ավելացել է եւս 183-ով: Հիմնադրամի տնօրենը նշել է, որ ստեղծման օրվանից՝ 2017-ից մինչեւ այս պահը հիմնադրամը 5051 շահառու ունի, որից 4223-ը` զոհված, 206-ը` անհայտ բացակայող, 144-ը` առաջին, 48-ն էլ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներն են: 2017-ից մինչ օրս կատարված հատուցումները գերազանցում են 69 միլիարդ դրամը, իսկ հիմնադրամի բյուջեն՝ 96 միլիարդ դրամը:
Հիմնադրամի տնօրենը «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ նվիրաբերությունների քանակը կտրուկ մեծացել էր հատկապես 44-օրյա պատերազմից հետո, մինչդեռ ներկայում նվիրաբերություններն ընդամենը 1 տոկոսն են կազմում: Նվիրատվությունների 90 %-ից ավելին Հայաստանից է փոխանցվում:
Առաջիկայում հիմնադրամում մտադիր են իրազեկման արշավներ իրականացնել՝ կոչ անելով հասարակությանը, նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին` դառնալու մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ առողջությունը կորցրած զինծառայողների, նրանց ընտանիքների ֆինանսական ապահովության երաշխավորներից մեկը: